Գարնանային գիշերահավասար. ինչ է այս օրը կատարվում Արևի հետ
Այս տարի գարնանային գիշերահավասարը սկսվել է մարտի 20-ին ժամը 21:25-ին։ Հայաստանում` մարտի 21-ին ժամը 01:25-ին։ Այդ օրվանից սկսվում է աստղագիտական գարունը, և ցերեկը երկարում է։
Գիշերահավասարի ժամանակ Արևն իր ամենամյա ցիկլի ընթացքում հատում է երկնային հասարակածը, որի հարթությունը համընկնում է երկրային հասարակածի հարթության հետ։ Այլ կերպ ասած, գիշերահավասարի օրը Արևը, շարժվելով արեգակնածրով, երկնոլորտում հարավային կիսագնդից անցնում է հյուսիսային։ Ամբողջ մոլորակի վրա, բացառությամբ մերձբևեռային շրջանների, այդ օրը ցերեկվա և գիշերվա տևողությունը գրեթե հավասարվում է։
Աստղագիտական այդ իրադարձությունը տեղի է ունենում տարին երկու անգամ` մարտին և սեպտեմբերին (հստակ օրեր չկան, այն կարող է մեկ–երկու օրվա շեղում ունենալ)։ Երկնային հասարակածի և արեգակնածրի հատման կետն էլ հենց կոչվում է գիշերահավասարի օր։ Եթե գարնանային գիշերահավասարի կետում Արևը երկնոլորտի հարավային կիսագնդից անցնում է հյուսիսային կիսագունդ, ապա աշնանային գիշերահավասարի կետում` հյուսիսայինից` հարավային։
Այդ օրերին Արևը հավասարապես լուսավորում է մոլորակի երկու կիսագնդերը` մոտավորապես 12 ժամ գտնվելով հորիզոնի վերևում և ներքևում։
Վերջին անգամ XXI դարում գարնանային գիշերահավասարը եղել է 2007 թվականի մարտի 21-ին, հետագայում այդ հազարամյակում այն եղել է մարտի 20-ին կամ նույնիսկ մարտի 19-ին։
Գարնան գալուստը նշում են աշխարհի մի շարք ժողովուրդներ, Իրանում նշում են նոր տարին՝ Նովրուզն, բազմաթիվ երկրներում փառատոներ և տոներ են անցկացվում։ Իսկ հնում գարնանային գիշերահավասարին սուրբ նշանակություն էին տալիս։
Այսպես,օրինակ, ընդունված էր, որ այս օրը չի կարելի զայրանալ, կռվել, հարաբերություններ պարզել։ Ծնողները չպետք է բարկանային երեխաների վրա։ Այս օրը չպետք է նաև մտածել վատի մասին և հուսալքվել։ Մեր նախնիները կարծում էին, որ որքան ուրախ անցկացնեն գարնանային գիշերահավասարի օրը, այնքան պայծառ կլինի ողջ տարին։