Վրաստանն ու Ադրբեջանն աշխատում են Միջին միջանցքի զարգացման ուղղությամբ. Ղարիբաշվիլի
https://parstoday.ir/hy/news/world-i196868-Վրաստանն_ու_Ադրբեջանն_աշխատում_են_Միջին_միջանցքի_զարգացման_ուղղությամբ._Ղարիբաշվիլի
Վրաստանն ու Ադրբեջանը համակարգված աշխատում են Միջին միջանցքի զարգացման ուղղությամբ։ Այս հայտարարությունն արել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ համատեղ ճեպազրույցի ժամանակ:
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Ապրիլ 07, 2023 18:31 Asia/Tehran
  • Վրաստանն ու Ադրբեջանն աշխատում են Միջին միջանցքի զարգացման ուղղությամբ. Ղարիբաշվիլի

Վրաստանն ու Ադրբեջանը համակարգված աշխատում են Միջին միջանցքի զարգացման ուղղությամբ։ Այս հայտարարությունն արել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ համատեղ ճեպազրույցի ժամանակ:

Վրաստանի վարչապետը վստահություն է հայտնել, որ մոտ ապագայումայդ երթուղու զարգացմանը խանգարող բոլոր խոչընդոտները կվերացվեն:

«Պետք է համատեղ զարգացնել ենթակառուցվածքները՝ մեր նավահանգիստներն ու երկաթուղիները։ Մենք հիմա աշխատում ենք Վրաստանում նոր նավահանգստի կառուցման ուղղությամբ (խոսքը Անակլիա նավահանգստի կառուցման մասին է. խմբ․)»,-ասել է Վրաստանի կառավարության ղեկավարը։

Նրա խոսքով՝ Թբիլիսին մեկ տարվա ընթացքում նախատեսում է ավարտել երկաթուղու ընդլայնման նախագիծը։ Ակտիվ աշխատանքներ են տարվում նաև Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգծի ուղղությամբ։ Ղարիբաշվիլին կարծում է, որ դա նաև թույլ կտա ավելացնել բեռնափոխադրումների հոսքը Միջին միջանցքով։

Ավելի վաղ Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարել էր Թուրքիայի, Ադրբեջանի, Վրաստանի և Իրանի միջև եռակողմ և քառակողմ համագործակցության ձևաչափերի մասին: Թուրքիայի արտգործնախարարը ենթադրել էր, որ ապագայում Հայաստանը կարող է միանալ իրենց, այդ թվում՝ Միջին միջանցքի շրջանակներում։

Տրանսկասպիական միջազգային տրանսպորտային միջանցքը (ՏՄՏՄ) անցնում է Չինաստանով, Ղազախստանով, Կասպից ծովի ավազանով, Ադրբեջանով, Վրաստանով դեպի Թուրքիա և Եվրոպայի երկրներ։ Այդ պատճառով դեպի Հայաստան ճյուղը կարող է միայն զուգահեռ երթուղի լինել։

ՏՄՏՄ-ն դեռ ամբողջությամբ չի գործարկվել, բայց դրանով արդեն թեստային բեռներ են անցել (երեք կոնտեյներային գնացք): Լոգիստիկ շղթայի մասնակիցները ճշգրտում են ճանապարհին գտնվելու ժամանակը, մատակարարման ծավալներն ու հնարավորությունները:

armeniasputnik.am