Լոնդոնը սպառված ուրան պարունակող զենք կուղարկի Ուկրաինա
Մեծ Բրիտանիան հավանություն է տվել Ուկրաինային սպառված ուրան պարունակող զինամթերք ուղարկելու նախագծին, սակայն հայտարարել է, որ չի վերահսկելու Կիևի կողմից այդ զենքերի օգտագործումը, ինչպես նաև չի զբաղվելու պատերազմի ավարտից հետո այդ զենքի կիրառման հետևանքով առաջացած աղտոտվածությունը մաքրելու հարցով:
Այդ մասին հայտարարել է Մեծ Բրիտանիայի ԶՈՒ նախարար Ջեյմս Հիփին:
Rasha Today լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ի պատասխան Շոտլանդիայի խորհրդարանի պատգամավոր Քենի Մաքասքիլի հարցին, Հիփին հաստատել է, որ Կիևին մատակարարվել են բրիտանական «Չելենջեր 2» տանկերի սպառված ուրան պարունակող արկեր: Նա հրաժարվել է մեկնաբանել Ուկրաինայում զնեքի կիրառման վերաբերյալ հարցը:

Հիփին հայտարարել է. «Մենք Ուկրաինա ենք ուղարկել Challenger 2 տանկային զինամթերքի հազարավոր արկեր, այդ թվում՝ հակազրահային զինամթերք, որը պարունակում է սպառված ուրան։ Այս զենքն այժմ գտնվում է Ուկրաինայի զինված ուժերի մոտ, սակայն Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարությունը չի վերահսկում թե ինչպես է այն կիրառվում»:
Պատասխանելով այն հարցին, թե պատերազմի ավարտից հետո Բրիտանիան պետք է օգնի՞ մաքրել սպառված ուրան պարունակող զինամթերքի կիրառման հետևանքով առաջացած աղտոտվածությունը, նա նշել է. «Բրիտանիան այդ հարցում պատասխանատվություն չի կրում»։