Հարությունյանը Լենցովի հետ հանդիպմանը կարևորել է խաղաղապահների դերն Արցախում
https://parstoday.ir/hy/news/world-i198338-Հարությունյանը_Լենցովի_հետ_հանդիպմանը_կարևորել_է_խաղաղապահների_դերն_Արցախում
Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը ՌԴ խաղաղապահ զորակազմի նորանշանակ հրամանատար, գեներալ- գնդապետ Ալեքսանդր Լենցովի հետ հանդիպման ժամանակ ընդգծել է ստեղծված ռազմաքաղաքական իրավիճակում ՌԴ խաղաղապահ զորակազմի դերը Արցախի ժողովրդի անվտանգության և տարածաշրջանում կայունության ապահովման հարցում։
(last modified 2026-04-17T10:02:02+00:00 )
Ապրիլ 27, 2023 13:52 Asia/Tehran
  • Հարությունյանը Լենցովի հետ հանդիպմանը կարևորել է խաղաղապահների դերն Արցախում

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը ՌԴ խաղաղապահ զորակազմի նորանշանակ հրամանատար, գեներալ- գնդապետ Ալեքսանդր Լենցովի հետ հանդիպման ժամանակ ընդգծել է ստեղծված ռազմաքաղաքական իրավիճակում ՌԴ խաղաղապահ զորակազմի դերը Արցախի ժողովրդի անվտանգության և տարածաշրջանում կայունության ապահովման հարցում։

Այս մասին տեղեկանում ենք Արցախի նախագահի ֆեյսբուքյան էջից։

«Նրան եմ փոխանցել Արցախի իշխանությունների ակնկալիքը ՌԴ խաղաղապահ զորակազմից, որ սեղմ ժամկետում կապահովվի Արցախ-Հայաստան երկկողմանի հաղորդակցության բոլոր խոչընդոտների վերացումն ու անվտանգությունը՝ եռակողմ հայտարարությամբ ստանձնած պարտավորություններին համապատասխան»,–ասված է Հարությունյանի գրառման մեջ։

Նշվում է, որ երկուստեք կարևորել են 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթների անշեղ կատարման անհրաժեշտությունը:

Հանդիպման ընթացքում քննարկել են խաղաղապահ զորակազմի գործունեությանը, Արցախի ապաշրջափակմանը, Լաչինի միջանցքի ռեժիմի պահպանմանը, կենսական ենթակառուցվածքների բնականոն գործունեության երաշխավորմանը վերաբերող և այլ հարցեր:

Նշենք, որ գեներալ-գնդապետ Ալեքսանդր Լենցովը ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատար է նշանակվել ապրիլի 25-ին` փոխարինելով գեներալ-մայոր Անդրեյ Վոլկովին։

Լենցովը մինչ այդ զբաղեցնում էր ՌԴ պաշտպանության նախարարի խորհրդականի պաշտոնը։

Գեներալը հրամանատարական պաշտոններ է զբաղեցրել ՌԴ զինված ուժերում, եղել է ցամաքային զորքերի հրամանատարի տեղակալ, օդադեսանտային զորքերի հրամանատարի տեղակալ: 2020թ. հուլիսից եղել է նախարարի խորհրդական:

Մասնակցել Է Չեչնիայի առաջին և երկրորդ պատերազմների մարտական գործողություններին, Սիրիայում Ռուսաստանի ռազմական գործողությանը։

2014 p.-ին ստացել է գեներալ-գնդապետի զինվորական կոչում։

armeniasputnik.am