ԱՄՆ բանակը դադարեցրել է ռազմական բոլոր թռիչքները
Ռազմական ուղղաթիռների միջև բախումից հետո, ՄԱՆ բանակի ավիացիոն ստորաբաժանումները դադարեցրել են բոլոր թռիչքները՝ վերապատրաստվելու և անվտանգության ընթացակարգերը վերանայելու նպատակով:
Reuters-ի հողորդմամբ՝ հրամանն արձակվել է ուրբաթ օրը և դրա համաձայն՝ բոլոր ռազմական ինքնաթիռները, բացառությամբ նրանց, որ խիստ կարևոր առաքելություն են իրականացնում, պետք է վերադառնան ավիաբազա:
Հինգշաբթի օրը Ալյասկայում բախվել են երկու Apache ուղղաթիռներ, որոնց երեք օդաչուները զոհվել են: Իսկ մարտին Կենտուկի նահանգում երկու Black Hawk ուղղաթիռների բախման հետևանքով զոհվել էր 9 զինվոր։
ԱՄՆ բանակն այս կապակցությամբ տարածել է հայտարարություն, որում ասված է. «Մենք խորապես ցավում ենք օդաչուների զոհվելու կապակցությամբ: Նրանց մահը պահանջում է, որ մենք վերանայենք մեր կրթական ծրագրերը և անվտանգության ընթացակարգերը և համոզվենք, որ կրթությունն ու պրակտիկան գտնվում են անվտանգության ամենաբարձր մակարդակի վրա»:
ԱՄՆ բանակի խոսնակ Թերենս Քելլին հայտարարել է, որ ռազմական թռիչքների կասեցումն իրականացվել է անհապաղ, որպեսզի օդային ստորաբաժանումները անցնեն վերապատրաստում:
Այն ստորաբաժանումները, որոնք ծառայում են լրիվ դրույքով, մայիսի 1-5-ը պետք է անցնեն համապատասխան վերապատրաստում: