Թուրքիայում աղքատության շեմը գերազանցել է 33 հազար լիրան
Թուրքական արհմիությունների կոնֆեդերացիան հայտարարել է, որ երկրում չորս հոգանոց ընտանիքի աղքատության շեմը հասել է ավելի քան 33 հազար լիրայի (1540 եվրո):
Ընթացիկ տարվա սկզբին հայտարարվել էր, որ Թուրքիայում աղքատության շեմը հասել է 29875 լիրայի, (100 եվրո): Սակայն տնտեսական ճգնաժամի շարունակման և երկրաշարժերի ու գնաճի հետևանքով, այս ցուցանիշն աճել է:
Երկրաշարժից առաջ, չնայած գնաճը 50%-ից ցածր ցուցանիշի հասցնելու գանձապետարանի և ֆինանսների նախարարի ջանքերին, Թուրքիայում գրանցվել էր 57%-ից բարձր գնաճ: Եվ տնտեսագետների կանխատեսմամբ՝ մինչև այս տարեվերջ գնաճը կկազմի մոտ 44,55%:
Գնաճը զսպելու նպատակով Ռեջեփ Թայիփ Էրդողանի կառավարությունը մի քանի փուլով նվազեցրեց բանկային տոկոսադրույքը, այն հասցնելով 8,5%-ի: Սակայն դա չօգնեց նվազեցնել գնաճի ցուցանիշը: 2022 թվականի հոկտեմբերին գնաճի մակարդակը հասավ 85%-ի, որն այս երկրում գնաճի ամենաբարձր ցուցանիշն է 1997 թվականից ի վեր։