Իլոն Մասկ. Ապագայում մենք կդառնանք ռոբոտների ընտանի կենդանիները
Tesla էլեկտրամոբիլների եւ SpaceX տիեզերական ընկերության հիմնադիր Իլոն Մասկը հայտարարել է, թե մարդիկ արդեն հիմա կիբորգներ են, եւ ապագայում նրանք պետք է պատրաստ լինեն դառնալ ռոբոտների տնային կենդանիները:
«Մենք արդեն կիբորգ ենք: Մենք ունենք մեր վիրտուալ կրկնօրինակը, էլեկտրոնային անհատականություն, որը մասամբ պահում ենք փոստում կամ անձնական նամակագրության մեջ: Մենք հիմա ավելի շատ իշխանություն ունենք, քան նախագահները՝ 20 տարի առաջ: Ակնթարթորեն գտնել հարցերի պատասխանները, վայկրկենապես գիտաժողովներ կազմակերպել կամ կապվել միլիոնավոր մարդկանց հետ»,- մեջբերում է Մասկի խոսքը «Ուկրինֆորմը»:
Միլիարդատիրոջ կարծիքով անհրաժեշտ է համակարգիչներ ստեղծել, որոնք կապված կլինեն գլխուղեղի կեղեւի հետ: «Նման կապը ես պատկերացնում եմ ներարկման միջոցով, որով էլեկտրոնիկան կկապվի կենդանի նեյրոններին: Այդպես համակարգիչը կարող է համագործակցել մարդկային ուղեղի հետ: Հակառակ դեպքում մենք մտավոր առումով ռոբոտներից այնքան ցածր կլինենք, որ կդառնանք նրանց ընտանի կենդանիները: Նրանք մեզ կվերաբերվեն այնպես, ինչպես հիմա մարդիկ՝ կատվին»:
Մասկի խոսքով՝ վիդեոխաղերը կդադարեն տարբերվել իրականությունից: Դրանք հասանելի կլինեն ցանկացած պահի: Մենք կամ ինքնուրույն կստեղծենք վիրտուալ իրականություն կամ արդեն հիմա ինչ-որ մեկի սիմուլյացիայի մասն ենք: Եվ դա անխուսափելի է: