Բրիտանիան ինքնաթիռներ կուղարկի Սև ծովի տարածաշրջան՝ Ռուսաստանին հետևելու համար
Մեծ Բրիտանիան Սև ծովում Ռուսաստանի գործողություններին հետևելու համար ինքնաթիռներ կուղարկի և հետախուզական համապարփակ գործունեություն կծավալի։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել Բրիտանիայի վարչապետ Ռիշի Սունակի գրասենյակը։
Հաղորդագրությունում, մասնավորապես նշվում է, որ դրա նպատակն է «զսպել Ռուսաստանի հարձակումները բեռնատար նավերի վրա սևծովյան հացահատիկային գործարքից Պուտինի դուրս գալուց հետո»։
Ըստ Սունակի գրասենյակի՝ Բրիտանիան հետախուզություն և հսկողություն կիրականացնի՝ «հետևելու Ռուսաստանի գործողություններին Սև ծովում, նախազգուշացում տալու Ռուսաստանին, եթե լինեն նշաններ, որ նրանք հարձակումներ են նախապատրաստում Սև ծովում քաղաքացիական փոխադրումների կամ ենթակառուցվածքների վրա»։
«Այդ հետախուզական գործողությունների շրջանակներում Թագավորական ռազմաօդային ուժերի ինքնաթիռները թռիչքներ կկատարեն տվյալ շրջանի վրա, որպեսզի զսպեն Ռուսաստանին և թույլ չտան ապօրինի հարվածներ հասցնել հացահատիկ տեղափոխող քաղաքացիական նավերին», - ասվում է Սունակի գրասենյակի հայտարարության մեջ:
Ռուսաստանը «հացահատիկի գործարքը» դադարեցրել է հուլիսի 18-ին՝ նշելով, որ Ռուսաստանի մասով գործարքի պայմանները չեն կատարվել։ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը քանիցս նշել է, որ Արևմուտքն ուկրաինական հացահատիկի մեծ մասն արտահանել է իր պետություններ, և գործարքի հիմնական նպատակը` հացահատիկի մատակարարումը կարիքավոր, այդ թվում՝ աֆրիկյան երկրներներին, այդպես էլ չի իրականացվել։
armenpress.am