Վրաստանը ՌԴ-ի հետ չի բանակցել ավիահաղորդակցության վերսկսման շուրջ. Իրակլի Ղարիբաշվիլի
https://parstoday.ir/hy/news/world-i206768-Վրաստանը_ՌԴ_ի_հետ_չի_բանակցել_ավիահաղորդակցության_վերսկսման_շուրջ._Իրակլի_Ղարիբաշվիլի
Վրաստանի և Ռուսաստանի միջև ուղիղ ավիահաղորդակցության վերսկսումը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի նախաձեռնությունն էր, այլ ոչ թե երկու երկրների կառավարությունների միջև բանակցությունների արդյունք: Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՏԱՍՍ գործակալությունից, այդ մասին լրագրողներին հայտնել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին:
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Սեպտեմբեր 28, 2023 19:38 Asia/Tehran
  • Վրաստանը ՌԴ-ի հետ չի բանակցել ավիահաղորդակցության վերսկսման շուրջ. Իրակլի Ղարիբաշվիլի

Վրաստանի և Ռուսաստանի միջև ուղիղ ավիահաղորդակցության վերսկսումը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի նախաձեռնությունն էր, այլ ոչ թե երկու երկրների կառավարությունների միջև բանակցությունների արդյունք: Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՏԱՍՍ գործակալությունից, այդ մասին լրագրողներին հայտնել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին:

Իր հերթին ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը ՏԱՍՍ-ում սեպտեմբերի 28-ին հրապարակված հարցազրույցում հայտնել է, որ Ռուսաստանի իշխանությունները Ղարիբաշվիլիի կառավարության հետ համաձայնության են եկել թռիչքների վերսկսման շուրջ և չեղարկել այցագրային ռեժիմը։

«Ռուսաստանի նախագահն ասել է, որ անայցագիր ռեժիմը և թռիչքների վերսկսումը եղել է իր միանձնյա որոշումը: Այն, ինչ այսօր ասել է պարոն Լավրովը, փաստի հավաստում է: Իհարկե, համաձայնագիրը ձևակերպվել է Վրաստանի կառավարության հետ: Մասնավորապես, Էկոնոմիկայի նախարարության քաղաքացիական ավիացիայի գործակալությունը թույլտվություն է տվել  ռուսական համապատասխան ընկերություններին... Մենք ոչ մի բանակցություն չենք վարել», - լրագրողներին ասել է Ղարիբաշվիլին։

Մայիսի 10-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հրամանագիր է ստորագրել մայիսի 15-ից Վրաստանի քաղաքացիների համար այցագրային ռեժիմը վերացնելու մասին։ Մեկ այլ հրամանագրով նա չեղարկել է ռուսական ավիաընկերությունների թռիչքների և դեպի Վրաստան տուրերի վաճառքի արգելքը, որը գործում էր 2019 թվականից։ Մի քանի ավիաընկերություններ արդեն երկրների միջև կանոնավոր չվերթեր են իրականացնում։

armenpress.am