Իսրայելի վերաբերյալ Իրանի հայտարարությունից հետո նավթի գներն աճել են
Թեհրանը մուսուլմանական երկրներին կոչ է արել նավթի էմբարգո և այլ պատժամիջոցներ սահմանել Իսրայելի դեմ, ինչպես նաև արտաքսել Իսրայելի դեսպաններին, հաղորդում է Reuters-ը:
Մինչդեռ Bloomberg-ը մանրամասնում է, որ այս հայտարարության ֆոնին նավթի գները բարձրացել են: Օրինակ՝ Brent տեսակի նավթի ֆյուչերսներն աճել են երեք տոկոսով՝ հասնելով մեկ բարելի համար 93 ԱՄՆ դոլարի:
«Արտգործնախարարը կոչ է անում անհապաղ և ամբողջական էմբարգո սահմանել իսլամական երկրների կողմից Իսրայելի դեմ, ներառյալ նավթային պատժամիջոցները: Բացի այդ, պետք է վտարել Իսրայելի դեսպաններին այն դեպքերում, երբ դիվանագիտական հարաբերություններ են հաստատվել սիոնիստական ռեժիմի (Իսրայել) հետ»,- ասվում է Իրանի ԱԳՆ-ի հաղորդագրությունում:
Նշվում է նաև, որ Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը կոչ է անում ձևավորել իսլամական իրավաբանների թիմ՝ Գազայի հատվածում Իսրայելի հնարավոր ռազմական հանցագործությունների փաստագրման համար: