Բրիտանացի լրագրող. Մի խումբ հայեր կպահանջեն Ինջիրլիք բազայի հողատարածքի վերադարձը
Մոտ երկու ամսից Ամերիկայի հայերի խումբը դատական կարգով կպահանջի վերադարձնել այն հողատարածքը, որտեղ Թուրքիայում կառուցված է ամերիկյան Ինջիրլիք ռազմակայանը: Այս մասին ասվում է բրիտանացի լրագրող Ռոբերտ Ֆիսկի հոդվածում:
Երեք հայ, ԱՄՆ քաղաքացիներ, վիճարկելու են իրավունքը Ադանա քաղաքից մի քանի մղոն հեռավորության վրա գտնվող հողատարածքի նկատմամբ, որտեղ տեղակայված է ՆԱՏՕ-ի հարավային հրամանատարության ԱՄՆ ռազմաօդային կայանը: Հոդվածագրի խոսքով, հարյուր տարի առաջ այդ հողերը հայերին էին պատկանում՝ այնտեղ էին գտնվում Ադանայում բնակվող հայերի ագարակները, տները, եկեղեցին ու դպրոցը, նաեւ ամառանոցները: Այնտեղ ապրող գրեթե բոլոր հայերը ոչնչացվել են Օսմանյան կառավարության կազմակերպած Ցեղասպանության ժամանակ: Ֆիսկի խոսքով, կայանը նաեւ թուրքական կործանիչների տեղակայման վայրն է, որոնք ռմբակոծում են քուրդ խռովարարներին:
Դատավարությունը, որը անցնելու է օգոստոսի 9-ին Քալիֆորնիայում, ներկայացնելու է Ալեքս Բաքալյանի, Անաիս Հարությունյանի ու Ռիտա Մագդեսյանի իրավունքները: Այս դատական հայցին կարող է միանալ եւս 13 հայ:
Երեք հայերի դատապաշտպանները հիմք են ընդունում ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի վերջին հայտարարությունը, որով նա ճանաչում է քրիստոնյաների, եզդիների ու շիա խմբերի դեմ ԻՊ-ի իրականացրած ցեղասպանությունը:
«Անկասկած այս պատմական դատավարությունը պայթուցիկ քաղաքական ուղերձ է պարունակում՝ եթե Հայոց ցեղասպանությունը ճանաչվի ԱՄՆ դատարանում, ապա Վաշինգթոնի կառավարության կողմից այդ բառի գործածումը 1915-ի զանգվածային կոտորածների նկարագրության համար ընդամենը ժամանակի հարց կդառնա»,- նկատել է Ֆիսկը: