Նոյեմբեր 16, 2023 12:44 Asia/Tehran
  • Չինաստանը հայտարարել է ԱՄՆ-ի հետ հարաբերություններում իր կարմիր գծերը խստորեն պաշտպանելու մտադրության մասին

Չինաստանն ու ԱՄՆ-ն մտադիր են կայուն երկկողմ հարաբերություններ կառուցել, մինչդեռ Չինաստանն ունի կարմիր գծեր, որոնք Վաշինգտոնը պետք է հարգի։ Այս մասին հայտարարել է Չինաստանի արտգործնախարար Վան Ին Սան Ֆրանցիսկոյում APEC գագաթնաժողովի շրջանակներում ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի և Չինաստանի նախագահ Սի Ծինպինի հանդիպման արդյունքներով կայացած մամուլի ասուլիսում։

«Չինաստանն ունի օրինական շահեր և սկզբունքային դիրքորոշումներ, որոնք պետք է պաշտպանվեն։ Բացի այդ, կան կարմիր գծեր, որոնք պետք է վճռականորեն պաշտպանվեն», - ասել է Վան Ին, որի խոսքը մեջբերում է Չինաստանի կենտրոնական հեռուստատեսությունը:

Նա հիշեցրել է, որ Թայվանի հարցը Չինաստան-ԱՄՆ հարաբերություններում միշտ եղել է ամենակարևոր և զգայուն հարցը։ Նրա խոսքով, եթե ԱՄՆ-ն շարունակի Չինաստանին զսպելու իր կուրսը, ապա Չինաստանը հաստատակամորեն կպաշտպանի իր ինքնիշխանությունը, անվտանգությունը և զարգացման շահերը։

 

Պիտակ