Աշխարհի բնակչությունը մեկ տարվա ընթացքում աճել է 66 միլիոն մարդով
2023 թվականին աշխարհի բնակչությունն աճել է գրեթե 66 միլիոն մարդով, և այժմ Երկրի վրա ապրում է 8,073,859,407 մարդ, հաղորդում է Երկրի բնակչության գերմանական հիմնադրամը (DSW):
Թեև աշխարհի բնակչությունն աճում է և 2023 թվականի վերջին հասել է նոր բարձրակետի, աճի տեմպերը շարունակում են դանդաղել։ Աշխարհի բնակչությունն ամենաարագ աճել է 1965-1970 թվականներին, այդ ժամանակից ի վեր, ՄԱԿ-ի տվյալներով, հարաբերական աճի տեմպը գրեթե կրկնակի նվազել է:
Այս միտումները նույնը չեն բոլոր հատվածներում: Աֆրիկայում, ըստ DSW-ի, մինչև 2080 թվականը կբնակվի 2,5 միլիարդ մարդ՝ երկու անգամ ավելի, քան այսօր:
ԱՄՆ մարդահամարի բյուրոյի գնահատմամբ՝ երկրագնդի բնակչությունը մեկ տարվա ընթացքում աճել է 75 միլիոն մարդով՝ 0,95 տոկոսով։
1960-ականներին ռեկորդային աճի տեմպերից հետո տասներկու ու կես տարի պահանջվեց, որպեսզի աշխարհի բնակչությունը 7-ից հասնի 8 միլիարդ մարդու: Ամերիկյան գործակալությունը պնդում է, որ 9 միլիարդի նշագծին հասնելու համար կպահանջվի 14,1 տարի, իսկ 9 միլիարդից 10 միլիարդի անցնելու համար՝ 16,4 տարի, ինչը կարող է տեղի ունենալ մոտ 2055 թվականին։