Գալիպոլիում եւ Մերձավոր Արեւելքում տեղակայված ավստրալական զորքերը նույնպես ողբերգության վկաները դարձան
https://parstoday.ir/hy/news/world-i21328-Գալիպոլիում_եւ_Մերձավոր_Արեւելքում_տեղակայված_ավստրալական_զորքերը_նույնպես_ողբերգության_վկաները_դարձան
Ավստրալիայի ղեկավարությունը, ամենայն հավանականությամբ, Թուրքիային վերաբերվում է այնպես, ինչպես 1915 թվականի, այլ ոչ այժմյան Գերմանիան: Այս մասին Independent Austraila պարբերականում հրապարակված հոդվածում գրել է ավստրալահայ հրապարակախոս, պատմաբան Վիգեն Բաբկենյանը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունիս 12, 2016 04:54 Asia/Tehran
  • Գալիպոլիում եւ Մերձավոր Արեւելքում տեղակայված ավստրալական զորքերը նույնպես ողբերգության վկաները դարձան

Ավստրալիայի ղեկավարությունը, ամենայն հավանականությամբ, Թուրքիային վերաբերվում է այնպես, ինչպես 1915 թվականի, այլ ոչ այժմյան Գերմանիան: Այս մասին Independent Austraila պարբերականում հրապարակված հոդվածում գրել է ավստրալահայ հրապարակախոս, պատմաբան Վիգեն Բաբկենյանը:

Օսմանյան կայսրությունում հայերի ոչնչացման ամենաթեժ շրջանում՝ 1915 թվականի հուլիսին, Կոնստանդնուպոլսում Գերմանիայի դեսպան Հանս ֆոն Վանգենհայմը հաղորդում էր. «Օսմանյան կառավարությունը նպատակ ունի թուրքական կայսրությունից արմատախիլ անել հայկական ռասան»:

Առաջին աշխարհամարտի տարիներին Գերմանիան Թուրքիայի դաշնակիցն էր: Եվ Վանգենհայմի զեկույցը պաշտոնյաների համար էր, այլ ոչ հանրության: Գերմանացի զինվորականները, դիվանագետները, ինժեներներն Օսմանյան կայսրությունում ամենուր էին եւ Գերմանիայի դեսպանություն մշտապես զեկույցներ էին ուղարկում հայերի դեմ օսմանցիների դաժանությունների մասին: Դրանցում համոզիչ եւ անհերքելի տվյալներ կային այն մասին, որ օսմանյան կառավարությունը ռասայական բնաջնջման կանխամտածված քաղաքականություն է սկսել:

Չնայած դրան՝ այն ժամանակվա գերմանական կառավարության պաշտոնական դիրքորոշումն էր՝ խուսափել քննադատել դաշնակցին: 1915 թվականի դեկտեմբերին Գերմանիայի կանցլեր Թեոբալդ ֆոն Բետմանն-Հոլվեգը հայտարարեց. «Մեր միակ նպատակն է՝ Թուրքիային մեր կողմը պահել մինչեւ պատերազմի ավարտը՝ անկախ այն հանգամանքից, հայերը կզոհվեն, թե՝ ոչ»:

Տեղափոխվենք 100 տարի անց: 2016 թվականի հունիսին Գերմանիայի խորհրդարանը պաշտոնապես ճանաչեց Հայոց ցեղասպանությունը՝ ընդունելով նաեւ Գերմանական կայսրության մասնակի պատասխանատվությունը:

Գերմանիան սուր կերպով գիտակցում է, որ պատասխանատու է դարի մեծագույն՝ եվրոպական հրեաների ցեղասպանության համար, իսկ դա նշանակում է, որ ժխտումն անթույլատրելի է: Գերմանացի պատգամավորներն ուշադրություն չդարձրեցին Թուրքիայի նախագահ Էրդողանի սպառնալիքներին այն մասին, որ ցեղասպանության ճանաչումը կվնասի երկու երկրների հարբերություններին: Իսկ ի՞նչ կապ ունի Ավստրալիան: Պատասխանը կարող է զարմանալի թվալ, բայց պատմության մեջ նրա դերը նույնպես մեծ է:

Գալիպոլիում եւ Մերձավոր Արեւելքում տեղակայված ավստրալական զորքերը նույնպես ողբերգության վկան դարձան: Այնտեղ հայերն ավստրալացիների հետ որպես թարգմանիչ էին աշխատում: Ավստրալական գերիներին Թուրքիայում տեղակայում էին հայերի կողմից լքված տներում եւ եկեղեցիներում: Երկրի խորքերն աքսորվելիս նրանք տեսնում էին, թե ինչ է կատարվում հայերի հետ:

Պաղեստինում, որտեղ ավստրալացիների թեթեւ հեծելազորը մոտենում էր թուրքական սահմանին, նրանք փրկում էին հայ փախստականներին: Դանստերֆորսի զորամասերը նրանց փրկում էին նաեւ Պարսկաստանի հյուսիսում:

Պատերազմի ժամանակ եւ դրանից հետո ավստրալացիները մասնակցում էին հայերի օգնության միջազգային մարդասիրական լայնածավալ արշավին: Բուժքույրեր, բժիշկներ, հոգեւորականներ էին մեկնում Լիբանան, Խորհրդային Հայաստան, Հունաստան եւ այլ երկրներ՝ նրանց օգնելու:

Ավստրալիան պարենով եւ այլ օգնությամբ նավեր էր ուղարկում Մերձավոր Արեւելք: Դա ֆինանսավորվում էր երկրի կառավարության կողմից: Ավստրալացիները կարողացան նույնիսկ Լիբանանում մանկատուն բացել 1700 երեխայի համար եւ 8 տարի պահել այն:

Ավստրալացի կին ակտիվիստներն աշխատում էին Ազգերի Լիգայում եւ փորձում փրկել կանանց եւ երեխաներին, որոնց վերցրել էին Թուրքիայի մահմեդական ընտանիքները:

Ավստրալիայի դերն այսքանով չսահմանափակվեց: 1960-ականներից հայերը սկսեցին Ավստրալիա ներգաղթել: Նրանցից շատերը Հայոց ցեղասպանությունը վերապրածների երեխաներն ու թոռներն էին: Հիմա նրանք Ավստրալիայում տասնյակ հազարավոր են: Նրանց ընտանիքների պատմությունները ներկայացվել են վերջերս լույս տեսած «Հայաստանը, Ավստրալիան եւ Մեծ պատերազմը» գրքում:

Չնայած հայերի ողբերգության հետ Ավստրալիայի սերտ կապերին՝ երկրի ԱԳ նախարար Ջուլի Բիշոփը 2014 թվականին հնչեցրեց պետության պաշտոնական դիրքորոշումը. այդ իրադարձությունները երկրի ղեկավարությունը «որպես «ցեղասպանություն» չի ճանաչում»: «Ավստրալիան մեծ նշանակություն է տալիս Թուրքիայի հետ իր հարաբերություններին: Դրանք ամրապնդվել են Գալիպոլիում մեր ընդհանուր պատմությամբ, եւ G20-ի շրջանակում այժմյան համագործակցությամբ»,- ընդգծեց նախարարը:

Ըստ էության, Հայոց ցեղասպանության հարցում մեր երկրի դիրքորոշումը հիշեցնում է 1915 թվականի Գերմանիան»:

http://news.am