Արեւմուտքը Թուրքիային տալիս են մանդատ տարածաշրջանում գերակայելու. թուրքագետ
Քանի որ նախօրոք հանդիպման պայմանավորվածություն կար Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչների միջև, դրա համար այն տեղի ունեցավ, բայց այդ հանդիպումը ֆորմալ էր, ընդհանրապես արարողակարգային ու ոչ մի հարց չլուծող: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց թուրքագետ Անդրանիկ Իսպիրյանը:
«Ողղակի պայմանավորվեցին երրորդ երկրների քաղաքացիների համար և դիվանագիտական անձնագիր ունեցողների համար սահմանը բացվի:
Ինչու ոչինչ տեղի չունեցավ այս 1,5 տարվա ընթացքում: Քանի որ ռուս-ուկրաինական պատերազմը խառնեց խաղաքարտերը, նոր իրողություններ ստեղծեց տարածաշրջանում ի վնաս Ռուսաստանի, ի վնաս Հայաստանի եւ հօգուտ Թուրքիա-Ադրբեջան տանդեմի: Թուրքիան տեսնելով, որ այս իրավիճակից կարող է Ադրբեջանն օգտվել, տարածաշրջանում Ռուսաստանի ազդեցության թուլացումից Ադրբեջանը կարող է օգտվել, նաև հաշվի առնելով ՀՀ իշխանությունների պահվածքը եւ դիվանագիտական քայլերը դեպի Արեւմուտք եւ ավելի շատ բացասական վերաբերմունքը դեպի Ռուսաստան, Թուրքիան ուղղակի սառեցրեց հարաբերությունների կարգավորման թեկուզ ձեւական գործընթացը: Այդ սառեցնելու ընթացքում տեղի ունեցան իրադարձություններ Ադրբեջանի կողմից, բնականաբար, Թուրքիայի հետ, որոշ դեպքերում նաեւ Ռուսաստանի հետ համաձայնեցված:
Արդեն գիտենք, որ Արցախի շրջափակումը, դրանից հետո պատերազմը եւ արցախահայության տեղահանությունը, դրանից մի քանի օր առաջ տեղի էր ունեցել մեզ հյտնի երկրների ներկայացուցիչների միջեւ հանդիպումը: Այսինքն Թուրքիան դադարեցրեց շփումները Հայաստանի հետ՝ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման ուղղությամբ, քանի որ արդեն այլ իրավիճակ էր»,-ասաց նա:
Նրա խոսքով, Թուրքիայի համար այլ անհրաժեշտություն կար. Հայաստանը թուլացած էր, Ռուսաստանի ազդեցությունը թուլացած էր եւ մաքսիմումը պետք էր այդ ուղղությամբ ստանալ: «Այս իրավիճակը Թուրքիան ու Ադրբեջանն օգտագործեցին Արցախի հարցը վերջնական իրենց օգտին լուծելու համար: Արցախի հարցն իրենց օգտին լուծելուց հետո տարածաշրջանում այլ իրավիճակ է:
Այս իրավիճակում Թուրքիայի ակտիվացումը հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հարցում եւ ԵՄ-ի Կովկասի ներկայացուցչի հայտարարությունը վկայում են, որ Թուրքիան արդեն համաձայնության է եկել Արեւմուտքի հետ, որպեսզի կրկին թեկուզ իր համար ձեւական վերսկսի այդ գործընթացը, դրանով մեծացնելով Հայաստանի վրա ազդեցությունը, ճնշումը, տարածաշրջանից հնարավորինս Ռուսաստանին դուրս մղելու համար: Այսինքն Թուրքիայի վերջին ակտիվությունն ուղղված է դրան»,-ասաց թուրքագետը:
Անդրադառնալով նրան, որ ԵՄ-ի հատուկ ներկայացուցիչը Անթալիայի ֆորումի ժամանակ հայտարարեց, որ հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացում Թուրքիան վճռորոշ նշանակություն կարող է ունենալ, նաեւ ասաց, որ Թուրքիան առաջատար տերության կարգավիճակ ունի Հարավային Կովկասում, Իսպիրյանն ասաց. «Ցույց էր տալիս, որ Արեւմուտքը Հարավային Կովկասը ապագայում տեսնում է Թուրքիայի ազդեցության գոտի:
Նրանք Թուրքիային տալիս են մանդատ այս տարածաշրջանում գերակայելու: Չպետք է սպասել, որ եթե Ռուսաստանի ազդեցությունը այստեղ թուլանա, արեւմտյան որոշ երկրների ազդեցություն կտեսնենք, դա լինելու է Թուրքիայի ազդեցության աճի տեսքով»: