Ձախ արմատականները փորձում են գրոհել «Tesla»-ի գործարանը
(last modified Fri, 10 May 2024 15:56:21 GMT )
Մայիս 10, 2024 19:26 Asia/Tehran

Մայիսի 9–ից ավելի քան 1200 ակտիվիստ է հավաքվել «Tesla»-ի գործարանի մոտ։

Բեռլինի մոտակայքում գտնվող Գրյուհայդեում ավելի քան հազար ձախ արմատական ցուցարար է հավաքվել, որոնք դեմ են «Tesla» գործարանի տարածքի ընդլայնմանը և փորձում են գրոհել էլեկտրամոբիլներ արտադրող ամերիկյան գործարանը: Տեղեկությունը հայտնում է «Bild»–ը։

Ըստ լրատվամիջոցի՝ մայիսի 9-ից «Tesla»-ի գործարանի մոտ ավելի քան 1200 ձախ արմատական ակտիվիստ է հավաքվել։ Նրանք փորձում են առանձին խմբերով ներխուժել 300 հեկտարանոց պարսպապատ տարածք, որտեղ կայանված են արտադրողի էլեկտրական մեքենաները։

Ոստիկանության կարծիքով` դիվերսիաների վտանգ կա, քանի որ ցուցարարներին աջակցում է «Վուլկան» խմբավորումը, որն ավելի վաղ ստանձնել էր տրանսֆորմատորային կրպակի հրկիզման պատասխանատվությունը:

«Tesla»-ի այս գործարանը բնապահպանական ակտիվիստների ուշադրության կենտրոնում է հայտնվել, քանի որ մտավախություններ կան, որ արտադրության ընդլայնման արդյունքում ավելի քան 100 հեկտար անտառ կհատվի։