Էրդողանին չեն հրավիրել Տաշքենդում կայանալիք ՇՀԿ գագաթնաժողովին
Ռուսական RIA Novosti լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ՇՀԿ երկրների առաջիկա գագաթնաժողովում տեղ չի գտնվել Թուրքիայի ու նրա նախագահ Ռեջեփ Էրդողանի համար: Այս մասին Պեկինում գտնվող ՇՀԿ շտաբ-բնակարանում լրագրողների հետ զրույցում հայտարարել է կազմակերպության գլխավոր քարտուղար Ռաշիդ Ալիմովը:
Միջազգային կազմակերպության գագաթնաժողովը հունիսի 22-24-ը անցկացվելու է Ուզբեկստանի մայրաքաղաք Տաշքենդում: Ալիմովի խոսքով՝ գագաթնաժողովին չեն հրավիրվի այն երկրները, որոնք ունեն «երկխոսության գործընկերոջ» կարգավիճակ:
Թուրքիան այդպիսի կարգավիճակ է ստացել 2013 թվականին: Թուրքիայի նախագահի փոխարեն Տաշքենդում ուրախ կլինեն տեսնել մյուս հինգ երկրների առաջնորդներին, որոնք միայն հայտեր են ներկայացրել նման կարգավիճակ ստանալու համար:
Այդ երկրներից մեկը ներկայացնում է Արևելյան Եվրոպան, 3-ը՝ Մերձավոր Արևելքը, ևս 1-ը՝ Հարավարևելյան Ասիան: