Հունիս 02, 2024 16:03 Asia/Tehran
  • Ով կփորձի բաժանել Թայվանը Չինաստանից, մաս-մաս կլինի և կինքնաոչնչացվի. Չինաստանի պաշտպանության նախարար

Չինաստանի պաշտպանության նախարար Դուն Ջունը նախազգուշացրել է՝ ով կփորձի բաժանել Թայվանը Չինաստանից, «մաս-մաս կլինի և կինքնաոչնչացվի»։ Այս մասին նա ասել է Սինգապուրում կայացած «Շանգրի Լա երկխոսություն» համաժողովում, մեջբերում է RTHK-ն։

Դուն Ջունը Թայվանի իշխող Դեմոկրատական առաջադիմական կուսակցությանը մեղադրել է «ապաչինականացման» համար։ Նախարարը նշել է, որ արտաքին ուժերը «շարունակում են թուլացնել «մեկ Չինաստան» սկզբունքը՝ առաջ քաշելով Թայվանի հետ կապված օրինագծերը և շարունակելով Թայվանին զենք վաճառել»։

Նրա խոսքով՝ արտաքին ուժերը ցանկանում են օգտագործել կղզին, որը Պեկինը համարում է անջատված նահանգ, ՉԺՀ-ին զսպելու համար՝ դրանով իսկ «վտանգի ենթարկելով Թայվանը»:

Դուն Ջունն ընդգծել է, որ Պեկինը միշտ հավատարիմ է եղել խաղաղ վերամիավորմանը, սակայն այդ հեռանկարը խաթարվում է Թայբեյի անկախության ձգտումով, ինչպես նաև արտաքին ուժերի կողմից:

«Չինական բանակը միշտ եղել է անպարտելի և հզոր ուժ և ժամանակին և վճռական գործողություններ կձեռնարկի Թայվանի անկախության կողմնակից ուժերին զսպելու և ապահովելու, որ այդ ջանքերը երբեք հաջողություն չունենան», - սպառնացել է նա:

Չինաստանի պաշտպանության նախարարությունն արդեն հայտարարել էր, որ Թայվանի ղեկավարությունը մոտենում է «պատերազմի վտանգավոր շեմին»՝ «երկու պետությունների տեսության բացահայտ քարոզչության» պատճառով։

Թայվանում մայիսին տեղի է ունեցել  նոր նախագահ Լայ Ցինդեի երդմնակալությունը։ Պեկինը զգուշացրել է, որ նրա ընտրությունը կմեկնաբանվի որպես ընտրություն հօգուտ պատերազմի։

Չինաստանը Թայվանը համարում է իր անօտարելի տարածքը. Թայբեյը, որն իր անկախությունը հռչակել է 1949 թվականին, կտրականապես մերժում է «մեկ երկիր, երկու համակարգ» մոդելը, որը Պեկինը առաջ է քաշել 1980-ականներից ի վեր:

 

Պիտակ