Հայաստանում զանգվածային ձերբակալությունների ալիք է սկսվել. Մելիքյան
Այսօր Հայաստանում զանգվածային ձերբակալությունների ալիք է սկսվել։ Տեղեկությունը հայտնում է փաստաբան Ռուբեն Մելիքյանը։
«Ռեժիմն առավոտյան սկսել է զանգվածային ձերբակալությունների ալիք։ Մարտունի, Գավառ, Վանաձոր, Ուջան, Երևան…»,– գրել է նա ֆեյսբուքյան էջում։
Նրա խոսքով` այս պահին հայտնի է, որ 11 անձի են ձերբակալել Երևանի Բաղրամյան պողոտայում տեղի ունեցած բախումներից հետո հարուցված քրեական վարույթի շրջանակում։
«Առավոտյան մոտ 15-20 րոպեի ընթացքում տեղեկություններ ստացանք այս մարդկանց մասին ու իմացանք, որ նրանց ձերբակալում են, բերում քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության վարչություն, որտեղ քննվում է հունիսի 12-ին քաղաքացիների դեմ հարուցված քրեական վարույթը։ Կադրեր կան, որտեղ երևում է, որ մարդիկ ուղղակի հանգիստ կանգնած են, բայց ոստիկանները լուսաձայնային նռնակներ են նետում, ընդ որում` 20 հատ։ Հատուկ ընդգծենք, որ ոստիկանների և իրենց կատարած հանցավոր արարքների մասով որևէ գործողություն չի կատարվում»,– ասաց Մելիքյանը։
Նա ենթադրում է, որ մեկ տասնյակից ավելի այս անձանց 24–ժամյա ռեժիմով են ձերբակալել, ոչ թե 72։
Հիշեցնենք` հունիսի 12-ին ԱԺ–ի շենքի մոտ բախումներ սկսվեցին ոստիկանների և «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամների ու կողմնակիցների միջև։ Ոստիկանությունը լուսաձայնային նռնակներ կիրառեց, ինչի հետևանքով 101 անձ վնասվածք ստացավ, այդ թվում` ոստիկաններ։
Նույն օրը ՀՀ քննչական կոմիտեն հայտնեց, որ քրեական վարույթ է նախաձեռնվել ՀՀ քրեական օրենսգրքի 327-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով (զանգվածային անկարգություններին մասնակցելը)։
Sputnik