Ի՞նչ կտա Հայաստանին ԵԱՏՄ–Իրան համաձայնագիրը
(last modified Fri, 21 Jun 2024 08:02:39 GMT )
Հունիս 21, 2024 11:32 Asia/Tehran
  • Ի՞նչ կտա Հայաստանին ԵԱՏՄ–Իրան համաձայնագիրը

ԵԱՏՄ-Իրան ազատ առևտրի համաձայնագիրը շատ լավ հնարավորություն է Հայաստանի համար` մեծացնելու հարևան երկրի հետ առևտուրը։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս տեսակետը հայտնեց տնտեսագետ Աղասի Թավադյանը։

Հունիսի 19-ին Իրանի կառավարությունը հավանություն տվեց   ԵԱՏՄ և ԻԻՀ  միջև ազատ առևտրի գոտու ստեղծման մասին համաձայնագրին, որը ստորագրվել էր դեռ անցած տարվա դեկտեմբերին Սանկտ Պետերբուրգում Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստում։ Ըստ մասնագետների՝ Իրանի հետ նոր համաձայնագիրը թույլ կտա 5-7 տարվա ընթացքում մատակարարումները հասցնել տարեկան 18-ից մինչև 20 միլիարդ դոլարի` 2022 թվականին գրանցված 6․2 միլիարդի փոխարեն։

«Պետք է հասկանալ, որ սա լավ հնարավորություն է ՀՀ–ի համար, քանի որ  Հայաստանը կապող օղակ է ԻԻՀ–ի և ՌԴ–ի միջև։  Սա կարող է նաև խթանել Հյուսիս–հարավ ավտոմայրուղու ճանապարհի կառուցումը, քանի որ Ռուսաստանից Իրան ապրանքները հիմնականում այդ ճանապարհով են գնալու։ Սա կարող է ոչ միայն մեծացնել մեր առևտրաշրջանառությունը, այլև դիվերսիֆիկացնել` հնարավորություն ընձեռելով ապրանքներ արտահանել Իրան ու մեծացնել Իրանից ներմուծման ծավալները»,– ասաց Թավադյանը։

Տնտեսագետի գնահատմամբ` Իրանի և ՌԴ–ի համար կարևոր առևտրային ճանապարհը կարող է նաև քաղաքականապես ամրապնդել Սյունիքի սահմանը` ինչ–որ առումով նաև Հայաստանի անվտանգության համար երաշխիք ստեղծելով։

Տնտեսական առումով Թավադյանը կարևորում է նաև այն հանգամանքը, որ Իրան–ԵԱՏՄ առևտրային համաձայնագրի հնարավորություններից օգտվելու են ոչ միայն համաձայնագրի կողմ հանդիսացող 6 երկրները, այլև ԲՐԻԿՍ–ի անդամ երկրները, որոնք միասին ապահովում են աշխարհի ՀՆԱ–ի շուրջ 34 տոկոսը, և այդ թիվը շարունակում է աճել։

Նշենք, որ Իրանի հետ ազատ առևտրի համաձայնագրում անմաքս առևտրի ցանկում ներառված են ՀՀ–ի համար արտահանման առաջնային հետաքրքրություն ունեցող այնպիսի ապրանքներ, ինչպիսիք են հանքային և գազավորված ջրերը, ոչ ոգելից խմիչքները, շոկոլադը, հրուշակեղենը, ծխախոտը, ոչխարի միսը, որոնց նկատմամբ Իրանում բավական մեծ պահանջարկ կա։ Արդյունաբերական ապրանքների մասով` հայկական կողմի առաջարկով համաձայնագրում ներառվել են նաև հանքային հումքը (պղնձի, ցինկի, մոլիբդենի հանքաքար։

Իրան արտահանվող ոսկերչական իրերի և դեղամիջոցների համար էլ մաքսատուրքերը կնվազեցվեն։

Հաշվի առնելով ՀՀ–ից արտահանումներում ոսկու վերարտահանման բավական լուրջ ծավալները` Թավադյանը որոշակի անհանգստության առիթ տեսնում է վերոհիշյալ դրույթի վերաբերյալ, բայց նաև արձանագրում է, որ ՀՀ–ից ոսկի վերարտահանելու միջոցով ՌԴ–ն հիմնականում լուծում է արևմտյան սահմանափակումների հետևանքով այդ ոլորտում առաջացած խնդիրները։

Ինչ վերաբերում է մետաղական հանքաքարերի արտահանումը խթանող նոր կարգավորումներին, Թավադյանը շեշտում է, որ Հայաստանը պետք է լուրջ քայլեր ձեռնարկի հանքաքարի արտահանումը տեղում մշակելու հնարավորություններով փոխարինելու ու վերամշակած պղինձ արտահանող երկիր դառնալու համար։

«Բայց հարկ է նշել, որ նման մտահոգիչ դրույթներ բոլոր պայմանագրերում էլ առկա են։ Ընդհանուր առմամբ, կարծում եմ, ՀՀ տնտեսությունը նոր համաձայնագրից տուժող դուրս չի գա։ Միայն այն հանգամանքը, որ Ռուսաստանը հանդիսանում է Հայաստանի ամենախոշոր առևտրային գործընկերը, և մենք ցանկություն ունենք զարգացնելու մեր առևտրային հարաբերությունները նաև այլ գործընկերների հետ, սա հիանալի հնարավորություն է նաև Իրանի հետ մեր առևտրաշրջանառության ներուժը մեծացնելու համար»,– ասաց տնտեսագետը։