Սամցխե-Ջավախքում տեղի է ունեցել Վրաստանի և Հայաստանի խորհրդարանների պատվիրակությունների հանդիպումը
Վրաստանի խորհրդարանի առաջին փոխխոսնակ, Վրաստան-Հայաստան խորհրդարանական բարեկամության խմբի ղեկավար Գիա Վոլսկին Սամցխե-Ջավախքի տարածաշրջանում ընդունել է Հայաստանի Հանրապետության ազգային ժողովի փոխնախագահ, Հայաստան-Վրաստան պատգամավորական բարեկամության խմբի ղեկավար Ռուբեն Ռուբինյանի գլխավորած պատվիրակությանը։
Այս մասին հայտնում է Վրաստանի խորհրդարանի մամուլի ծառայությունը:
Խորհրդարանական բարեկամության խմբի պատվիրակությունը՝ ի դեմս Թենգիզ Շարմանաշվիլիի, Անտոն Օբոլաշվիլիի և Սամվել Մանուկյանի, հայ գործընկերների հետ այցելել է Ախալքալաքի Սուրբ Խաչ եկեղեցի և Ախալքալաքի ու Կումուրդոյի թեմի տաճար: Թեմի միտրոպոլիտ Տեր Նիկոլոզը հյուրերի հետ շրջայց է կատարել թեմական թանգարանում և նրանց է ներկայացրել թանգարանի ստեղծման պատմությունը։
«Խորհրդարանի բարեկամական խմբի անդամների, ինչպես նաև Սամցխե-Ջավախքի տարածաշրջանի տեղական մարմնի և Սակրեբուլոյի ներկայացուցիչների հետ ունեցած հանդիպումներում ընդգծվել է ինչպես ներքին, այնպես էլ արտաքին ուղղություններով միմյանց աջակցելը: Մենք ուրախ ենք, որ Վրաստանի կառավարությունը պատշաճ ուշադրություն է դարձնում տարածաշրջանի հայ բնակչությանը, և մենք մեր կողմից աջակցում ենք Վրաստանի կառավարությանը՝ նախաձեռնած բոլոր գործերում»,- ասել է ՀՀ ԱԺ փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանը։
«Ախալցխայում տեղի է ունեցել Վրաստան-Հայաստան խորհրդարանական բարեկամության խմբի համանախագահների հանդիպումը` Վրաստանի և Հայաստանի խորհրդարանների պատգամավորների մասնակցությամբ։ Հանդիպել են նաև տարածաշրջանի և տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչներն։ Կարծում ենք, որ պետք է հատուկ ընդգծվի մեկ հանգամանք՝ դա վրացական կողմի շահագրգռվածությունն է Հայաստանի կայունության նկատմամբ, ինչպես նաև Հայաստանի խորը շահագրգռվածությունն ու պրագմատիկ մոտեցումն այն կայունության նկատմամբ, որը Վրաստանը պահպանել է այս բարդ իրավիճակում։ Հարևանները պետք է լավ իմանան միմյանց խնդիրները։ Մենք աջակցում ենք Հայաստանի և Ադրբեջանի խնդրի կարգավորմանը, որը շատ մոտ է վերջնական հանգուցալուծմանը։ Հանդիպմանը քննարկել ենք տարբեր հարցեր, այդ թվում՝ խորհրդարանական համագործակցությունը և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ուղղությունները»,- իր խոսքում նշել է Գեորգի Վոլսկին։