Մեկնաբանություն - ՄԱԿ-ը ճանաչում է Իսրայելի ահաբեկչական գործողությանը պատասխանելու Իրանի իրավունքը
Դատապարտելով Սիոնիստական ռեժիմի կողմից Թեհրանում ՀԱՄԱՍ-ի քաղաքական բյուրոյի ղեկավար Իսմայիլ Հանիեյի սպանությունը, ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարն ընդգծել է, որ Իրանն ունի այդ հանցագործությանը պատասխանելու օրինական իրավունք։
Պատմությունը վկայում է, որ ամեն անգամ, երբ Դիմադրության առանցքի ճնշումների արդյունքում առաջացած ներքին խնդիրների պատճառով Սիոնիստական ռեժիմը հայտնվում է բարդ իրավիճակում, փորձում է նվազեցնել ճգնաժամը, այլ երկրներում իրականացնելով ահաբեկչական գործողություններ։
Լիբանանի և Պաղեստինի Դիմադրության առաջնորդների վրա սիոնիստների ահաբեկչական հարձակումների անօրինականությունից զատ, այդ հարձակումների նկատմամբ ռեժիմի արևմտյան դաշնակիցների լռությունը վկայում է հանցագործություններին նրանց աջակցության ու մեղսակցության մասին։ Եվ հենց այդ լռության ու Գազայում ռեժիմի հանցագործությունների նկատմամբ միջազգային հանրության անգործության պատճառով, վերջին ամիսներին Սիրիայում և Լիբանանում Սիոնիստական ռեժիմի իրականացրած ահաբեկչությունների հետևանքով նահատակվել են Դիմադրության առանցքի մի շարք առաջնորդներ և հրամանատարներ, ինչպես նաև իրանցի ռազմական խորհրդականներ:
Ինչպես նշել է նաև ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը, Թեհրանում Սիոնիստական ռեժիմի վերջին ահաբեկչական հարձակումը ոչ միայն Իրանի տարածքային ամբողջականության և ազգային ինքնիշխանության ոտնահարում է, այլ վտանգի տակ է դրել տարածաշրջանային և միջազգային խաղաղությունն ու կայունությունը։ Հետևաբար, միջազգային հանրությունը պետք է ճնշում գործադրի Սիոնիստական ռեժիմի վրա՝ դադարեցնելու տարածաշրջանում վերջինիս հանցագործությունները և փրկելու տարածաշրջանի ժողովրդին Բենիամին Նեթանյահուի գլխավորությամբ Թել Ավիվում իշխող հանցավոր խմբավորումից։
Ռեժիմի Թեհրանում կատարած վերջին հանցագործությունը, որն իրականացվել է ԱՄՆ կառավարության հավանությամբ, լուրջ հետևանքներ է ունենալու սիոնիստների համար, քանի որ Իրանը հայտարարել է, որ իր օրինական իրավունքն է համարում արձագանքել այդ հանցագործությանը։
Ցավակցություն հյատնելով Իսմայիլ Հանիեյի նահատակության կապակցությամբ, ԻԻՀ առաջնորդը հայտարարել է․ «Այս քայլով Սիոնիստական ռեժիմը դաժան պատժի ենթահող ստեղծեց իր համար»։
Ապրիլին Սիրիայի մայրաքաղաքում Իրանի հյուպատոսարանի վրա իրականացված հարձակումից հետո, որը հանգեցրեց 7 ռազմական խորհրդականների նահատակությանը, առաջնորդի հրամանով, Իսլամական Հանրապետությունը «Ճշմարիտ խոստում» գործողությամբ թիրախավորեց Սիոնիստական ռեժիմի մի քանի հենակետեր և ռազմական կենտրոններ:
Ուստի ակնկալվում է, որ Իրանը և Դիմադրության խմբերը համաչափ պատասխան կտան նաև սիոնիստների կողմից Իսմայիլ Հանիեյի սպանությանը։
Բացի այդ, տարածաշրջանում, հատկապես օկուպացված Պաղեստինում սիոնիստների 80 տարվա օկուպացիայի, ագրեսիայի և ահաբեկչության պատմությունը վկայում է, որ Երուսաղեմ մայրաքաղաքով անկախ պետություն ունենալու պաղեստինցիների երազանքը, Դիմադրության այնպիսի առաջնորդների սպանությունից հետո, ինչպիսիք են Շեյխ Ահմեդ Յասինը (ՀԱՄԱՍ-ի հոգևոր առաջնորդ), Ֆաթհի Շաղաքին («Իսլամական ջիհադ» խմբավորման գլխավոր քարտուղար), Աբդուլազիզ ալ Ռենտիսին (Շեյխ Յասինից հետո ՀԱՄԱՍ-ի հոգևոր առաջնորդ) և տասնյակ այլ մարտիկներ, ոչ միայն չի թուլանա, այլ ավելի կամրապնդվի։