Մեկնաբանություն - Բրիտանիան փորձում է վերականգնել հարաբերությունները Եվրամիության հետ
(last modified 2024-08-30T14:13:10+00:00 )
Օգոստոս 30, 2024 17:43 Asia/Tehran
  • Մեկնաբանություն - Բրիտանիան փորձում է  վերականգնել հարաբերությունները Եվրամիության հետ

Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը անցյալ շաբաթ մեկնել է Բեռլին և Փարիզ՝ բարելավելու հարաբերությունները Եվրամիության հետ։

Ֆրանսիան և Գերմանիան ԵՄ երկու  խոշորագույն երկրներն են և միության շարժիչ ուժը։ Վեճերը, թե ինչպես Բրիտանիան պետք է համագործակցի Եվրամիության հետ տարբեր ոլորտներում, ստվեր են գցել Եվրամիության և Միացյալ Թագավորության հարաբերությունների վրա: Մեծ Բրիտանիան   ԵՄ-ից դուրս եկավ 2020 թվականի դեկտեմբերին՝ 2016 թվականի Բրեքսիթի հանրաքվեից հետո։

Քեյր Սթարմերը Մեծ Բրիտանիայի վարչապետ դարձավ անցյալ հուլիսին՝ Պահպանողական կուսակցության նկատմամբ հաղթանակի արդյունքում։  Լեյբորիստական կուսակցության վարչապետն ընտրություններում հաղթելուց հետո ասել է․ «Չորս տարի անց  նախատեսում եմ վերականգնել ԵՄ-ի հետ հարաբերությունները, որոնք սրվել էին  Բրեքսիթի շուրջ  վեճերի պատճառով»:

Ի տարբերություն իր նախորդի՝ Ռիշի Սունակի, ով Գերմանիա այցելեց պաշտոնը ստանձնելուց 18 ամիս անց, Սթարմերը Բեռլին, ապա՝ Փարիզ այցելեց պաշտոնավարման  հենց սկզբում: 

Շուլցի և Մակրոնի հետ հանդիպումից հետո ելույթներում, Բրիտանիայի վարչապետը նշել է տարբեր, հատկապես պաշտպանության և անվտանգության ոլորտներում Գերմանիայի և Ֆրանսիայի հետ համագործակցության համաձայնագրեր ստորագրելու ցանկության  մասին։ 
Ելիսեյան պալատում Մակրոնի հետ հանդիպումից հետո նա հայտարարել է. «Մենք ձգտում էինք վերականգնել հարաբերությունները այս բանակցություններում և համոզվել, որ մեր թիվ մեկ առաքելությունը՝ տնտեսական աճը,  ամեն ինչի կենտրոնում է»։ 

Գերմանիա կատարած այցի ժամանակ Սթարմերը նշել է, որ ինքը չի ձգտում չեղարկել Բրեքսիթը այլ փորձում է  նոր պայմանագիր ստորագրել Բեռլինի հետ՝ տարբեր ոլորտներում հարաբերությունների խորացման նպատակով։
Շուլցի հետ բանակցություններից հետո նա հույս է հայտնել, որ Գերմանիայի հետ համաձայնագիր կստորագրվի մինչև այս տարվա վերջ։ Լիբերալ-դեմոկրատական կուսակցության արտաքին քաղաքականության խոսնակ Լեյլա Մորանն ասել է, որ   Շուլցի հետ բանակցությունները «դրական քայլ էին այն բանից հետո, երբ պահպանողականները խաթարում էին Մեծ Բրիտանիայի հարաբերությունները Եվրոպայի հետ»:

Նա հավելել է․ «Բայց Բրիտանիայի նոր կառավարությունը պետք է ավելի հավակնոտ լինի մեր եվրոպացի դաշնակիցների հետ ավելի ամուր կապերի վերականգնման հարցում»: 

Մեծ Բրիտանիայի Լիբերալ  Դեմոկրատական կուսակցության արտաքին քաղաքականության խոսնակն ասել է, որ այս  նախագիծը «պետք է սկսվի  երիտասարդների տեղափոխման ծրագրի հաստատումից»։  Այն երիտասարդներին հնարավորություն է տալիս հեշտությամբ ապրել և աշխատել մայրցամաքում:

Մեծ Բրիտանիայի և ԵՄ-ի միջև Բրեքսիթից հետո համաձայնագրերի շուրջ բանակցությունների վերսկսումը, ԵՄ միասնական շուկայի կամ մաքսային միության վերամիավորումը կամ Մեծ Բրիտանիայի հետ ԵՄ-ի սահմանով մարդկանց ազատ տեղաշարժի իրավունքի վերականգնման հնարավորությունը այն հարցերից են, որոնց շուրջ Սթարմերի կառավարությունը պետք է բանակցի դաշինքի հետ հարաբերություններն ամրապնդելու համար։

Եվրամիության հետ Բրիտանիայի հարաբերությունները, նույնիսկ այն ժամանակ, երբ Լոնդոնը միության անդամ էր, միշտ ստվերված են եղել ԱՄՆ-ի հետ հարաբերություններով։

Լեյբորիստական կուսակցության առաջնորդ և Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը, ի տարբերություն պահպանողականների, հավասարակշռված հարաբերություններ է փնտրում Եվրամիության և ԱՄՆ-ի հետ։ Հատկապես հիմա, երբ հավանականություն կա, որ նոյեմբերի ընտրություններում հաղթելու դեպքում Թրամփը կվերադառնա Սպիտակ տուն։