Մասկն աշխարհի առաջին տրիլիոնատերը դառնալու ճանապարհին է
Իլոն Մասկը 2027 թվականի դրությամբ աշխարհի առաջին տրիլիոնատերը դառնալու ճանապարհին է, գրում է The Guardian-ը՝ հղում անելով ֆինանսների ուսումնասիրմամբ զբաղվող Informa Connect Academy խմբի նոր զեկույցին:
Ներկայում Մասկն աշխարհի ամենահարուստ մարդն է, որն ունի 251 միլիարդ դոլար: Էլեկտրական մեքենաներ արտադրող Tesla, SpaceX մասնավոր հրթիռային ընկերությունների և X սոցիալական մեդիա հարթակի (նախկինում՝ Twitter) սեփականատիրոջ կարողությունը, ըստ Informa Connect Academy-ի, աճում է միջին տարեկան 110%-ով։
Սակայն զեկույցում նշվում են նաև ուրիշների ձեռնարկատերերի անուններ, որոնք պատրաստվում են տրիլիոնատիրոջ կարգավիճակ ստանալ: Informa Connect Academy-ի վերլուծությունը վկայում է, որ հնդիկ միլիարդատեր Գաուտամ Ադանին Մասկից հետո կդառնա երկրորդը, ով կհասնի տրիլիոնատիրոջ կարգավիճակին: Հաղորդվում է, որ դա տեղի կունենա 2028 թվականին, եթե նրա հարստության տարեկան աճի տեմպը շարունակի մնալ 123%:
Նույն կարգավիճակին 2028-ին կարող են հասնել Nvidia տեխնոլոգիական ընկերության գլխավոր գործադիր տնօրեն Ջենսեն Հուանգը և էներգետիկայի և հանքարդյունաբերության ոլորտների ինդոնեզացի մագնատ Պրաջոգո Պանգեստուն, եթե նրանց հարստության աճի տեմպերը ևս պահպանվեն։
Բեռնար Առնոն՝ LVMH Moët Hennessy Louis Vuitton-ի ղեկավարը և աշխարհի երրորդ ամենահարուստ մարդը՝ մոտ 200 միլիարդ դոլարով, 2030 թվականին կարող է տրիլիոնատեր դառնալ: Նույն տարում նման նվաճում կարող է ունենալ նաև Meta-ի գործադիր տնօրեն Մարկ Ցուկերբերգը: