Զախարովան ԱՄՆ-ին մեղադրել է ռուսական լրագրողների դեմ տեղեկատվական ահաբեկչության մեջ
Ռուսական ԶԼՄ-ների դեմ ԱՄՆ-ի նոր պատժամիջոցները հարձակում են խոսքի ազատության վրա, նման գործողությունները ոչնչով հիմնավորված չեն: Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ԲՐԻԿՍ մեդիագագաթնաժողովի ընթացքում, նրա խոսքերը մեջբերում է ՌԻԱ Նովոստին։
«Այսօր արտակարգ իրավիճակ է։ Երեկ ԱՄՆ-ում ռուս լրագրողները ենթարկվել են ագրեսիայի։ Նրանք ենթարկվել են իրական ահաբեկչական տեղեկատվական հարձակման ինչպես կորպորատիվ մակարդակում, այնպես էլ անձնական կարգավիճակում», - ասել է Զախարովան։
Նա հավելել է, որ բացի «քաղաքական բնույթի հրեշավոր, ոչնչով չհիմնավորված հայտարարություններից», որոնք երեկ հնչել են Վաշինգտոնից ԶԼՄ-ների նկատմամբ, զուգահեռ «ընթանում է նաև լրագրողների նկատմամբ ֆիզիկական ագրեսիա»:
Զախարովան ամերիկյան նոր պատժամիջոցները որակել է որպես «հարձակում լրագրողի մասնագիտության վրա, հետևաբար՝ հարձակում մարդկային արժանապատվության վրա»:
ԱՄՆ ֆինանսների նախարարությունը սեպտեմբերի 4-ին հայտարարել էր «Ռոսիա սեգոդնյա» մեդիախմբի և RT հեռուստաալիքի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանի, ինչպես նաև նրա տեղակալներ Անտոն Անիսիմովի և Ելիզավետա Բրոդսկայայի նկատմամբ պատժամիջոցներ սահմանելու մասին: Նրանցից բացի սև ցուցակում են հայտնվել RT տեղեկատվական հեռարձակման ղեկավար Անդրեյ Կիյաշկոն, թվային մեդիա նախագծերի բաժնի ղեկավար Կոնստանտին Կալաշնիկովը և հեռուստաալիքի մի շարք այլ աշխատակիցներ:
Sputnik.