Իրանը պաշտոնապես հաստատել է` նախագահը կմասնակցի ԲՐԻԿՍ գագաթնաժողովին
(last modified Sun, 15 Sep 2024 11:45:27 GMT )
Սեպտեմբեր 15, 2024 15:15 Asia/Tehran
  • Իրանը պաշտոնապես հաստատել է` նախագահը կմասնակցի ԲՐԻԿՍ գագաթնաժողովին

Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքյանը կմասնակցի Կազանում կայանալիք ԲՐԻԿՍ-ի գագաթնաժողովին։

 Տեղեկությունը հայտնում է ՏԱՍՍ–ը` հղում անելով ՌԴ-ում Իրանի դեսպան Քազեմ Ջալալիին։

«Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ՝ Փեզեշքյանը, կմասնակցի Կազանում կայանալիք գագաթնաժողովին»,- ասել է նա։

Ավելի վաղ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն ասել էր, որ Մոսկվան սպասում է դիվանագիտական ուղիներով Իրանի ղեկավարի՝ գագաթնաժողովին մասնակցության հաստատմանը։

Նշենք, որ ԲՐԻԿՍ գագաթնաժողովում Հայաստանը կներկայացնի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

 ԲՐԻԿՍ-ի գագաթնաժողովը կկայանա հոկտեմբերի վերջին Կազանում։ Ավելի վաղ ռուս պաշտոնյաները հայտարարել էին, որ հրավիրված են ԱՊՀ երկրների ղեկավարները:

Գագաթնաժողովին մասնակցելու են նաև կազմակերպության անդամ չհանդիսացող մի շարք երկրների առաջնորդներ: Մասնավորապես հաստատվել է Թուրքիայի նախագահի մասնակցությունը։ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն այդ գագաթնաժողովին հրավիրել էր նաև իրանցի գործընկեր Մասուդ Պեզեշքյանին։

ԲՐԻԿՍ-ը միավորում է Բրազիլիան, Ռուսաստանը, Հնդկաստանը, Չինաստանը և Հարավաֆրիկյան Հանրապետությունը, սակայն վերջին շրջանում տնտեսական դաշինքին միանալու ցանկություն է հայտնել արդեն 23 պետություն: Օգոստոսին Յոհանեսբուրգում կայացած գագաթնաժողովից հետո հայտնի դարձավ, որ 2024-ի հունվարի 1-ից ԲՐԻԿՍ-ին անդամակցելու հրավեր են ստացել ԱՄԷ-ն, Սաուդյան Արաբիան, Իրանը, Արգենտինան, Եգիպտոսը և Եթովպիան: Նշենք, որ ԲՐԻԿՍ-ին անդամակցելու պաշտոնական հայտ է ներկայացրել նաև Ադրբեջանը։