Էրդողանը բանակցություններ կվարի Փաշինյանի հետ. ԶԼՄ
https://parstoday.ir/hy/news/world-i223382-Էրդողանը_բանակցություններ_կվարի_Փաշինյանի_հետ._ԶԼՄ
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեային մասնակցելու նպատակով ԱՄՆ կատարած այցի շրջանակում բանակցություններ կվարի Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով «Sabah» թերթին:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Սեպտեմբեր 23, 2024 07:24 Asia/Tehran
  • Էրդողանը բանակցություններ կվարի Փաշինյանի հետ. ԶԼՄ

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեային մասնակցելու նպատակով ԱՄՆ կատարած այցի շրջանակում բանակցություններ կվարի Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով «Sabah» թերթին:

«Էրդողանը երկկողմ հանդիպումներ կունենա աշխարհի բազմաթիվ առաջնորդների հետ և մեծ մասին կընդունի Նյու Յորքում թուրքական դիվանագիտության խորհրդանիշ համարվող «Թուրքական տանը» (շենքը գտնվում է ՄԱԿ-ի կենտրոնակայանի դիմաց. խմբ.):

Նրանց թվում են Իրաքի վարչապետ Մոհամմեդ Շիա ալ Սուդանին, Նիդեռլանդների վարչապետ Դիկ Սխուֆը, ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը,Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին, Քուվեյթի թագաժառանգ շեյխ Սաբահ Խալեդ Ալ-Համադ Ալ-Սաբահը, Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը, Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը, Ալբանիայի վարչապետ Էդի Ռաման և Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը»,- գրում է պարբերականը։

Ավելի վաղ «Anadolu» գործակալությունը հայտնել էր, որ ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայում Թուրքիայի ղեկավարի ելույթի գլխավոր թեման կդառնա Գազայում տիրող իրավիճակը:

Հիշեցնենք` ՀՀ կառավարության մամուլի ծառայությունն ավելի վաղ հայտնել էր, որ Փաշինյանը կնոջ` Աննա Հակոբյանի հետ սեպտեմբերի 22-27-ն աշխատանքային այցով մեկնել է Ամերիկայի Միացյալ Նահանգներ:

Նա Նյու Յորքում մասնակցելու է ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի 79-րդ նստաշրջանի աշխատանքներին, ելույթներ է ունենալու Ապագայի գագաթնաժողովում, ՄԱԿ ԳԱ 79-րդ նստաշրջանի բարձրաստիճան հատվածում:

Ըստ հաղորդագրության` այցի ընթացքում վարչապետ Փաշինյանը հանդիպում է ունենալու ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի հետ, նախատեսված են երկկողմ մի շարք հանդիպումներ տարբեր երկրների գործընկերների հետ:

Sputnik.