Զենքի ցուցահանդես Բաքվում. ինչպես «գլուխ գովալ» ռազմականացմամբ և մեղադրել Հայաստանին
https://parstoday.ir/hy/news/world-i223546-Զենքի_ցուցահանդես_Բաքվում._ինչպես_գլուխ_գովալ_ռազմականացմամբ_և_մեղադրել_Հայաստանին
Բաքվում այս օրերին զենքի խոշոր ցուցահանդես է ընթանում, որտեղ ներկայացված են, մասնավորապես, արևմտյան սպառազինության բազմաթիվ նմուշներ՝ սկսած ինքնագնաց հաուբիցներից մինչև կապի միջոցներ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Սեպտեմբեր 27, 2024 06:47 Asia/Tehran
  • Զենքի ցուցահանդես Բաքվում. ինչպես «գլուխ գովալ» ռազմականացմամբ և մեղադրել Հայաստանին

Բաքվում այս օրերին զենքի խոշոր ցուցահանդես է ընթանում, որտեղ ներկայացված են, մասնավորապես, արևմտյան սպառազինության բազմաթիվ նմուշներ՝ սկսած ինքնագնաց հաուբիցներից մինչև կապի միջոցներ:

Իտալիայի, Իսպանիայի, Չեխիայի, Սլովակիայի արտադրանքը լայնորեն գովազդվում է ADEX-2024 կոչվող միջոցառման ժամանակ։ Հետաքրքիրն այն է, որ այս ամենը տեղի է ունենում Հայաստանի հասցեին վերջինիս «ռազմականացման» վերաբերյալ ադրբեջանցիների մշտական մեղադրանքների ֆոնին։

Հայտարարելով Արևմուտքի երկրների օգնությամբ Հայաստանի ռազմական հզորության ավելացման մասին՝ Ադրբեջանը միևնույն ժամանակ ակտիվորեն համագործակցում է նրանց, ինչպես նաև զենք արտադրող ընկերությունների հետ, ինչի վառ օրինակն է նաև Բաքվում անցկացվող ռազմական ցուցահանդեսը։ Ընդ որում, խոսքը ոչ միայն պարզապես զենք գնելու մասին է, ինչպես, օրինակ, սլովակյան և չեխական հաուբիցների դեպքում, այլև համատեղ արտադրության։ Այս շարքը ներառում է, օրինակ, Իսպանիայի հետ համատեղ 30 միլիմետրանոց մեկփողանի թնդանոթների արտադրությունը։

Անվտանգության փորձագետ Դավիթ Հարությունովի կարծիքով՝ Ադրբեջանը, խոսելով Հայաստանի «ռազմականացման» և Երևանում «ռևանշիստական» տրամադրությունների մասին, իր առջև մի քանի խնդիր է դնում: Բաքվում լրջորեն վախենում են, որ վաղ թե ուշ Երևանը կվերականգնի իր ռազմական հնարավորությունները, և փորձում են խանգարել դրան՝ չթաքցնելով այդ փորձերը։ Զուգահեռաբար Ադրբեջանը փորձում է քողարկել սեփական ռազմական պատրաստություններն ու սեփական ռազմականացումը, թեև նույն Իլհամ Ալիևը ժամանակ առ ժամանակ հանդես է գալիս ռազմատենչ հայտարարություններով և հայտարարում է ռազմական նախագծերի մասին։

Ադրբեջանի մշտական մեղադրանքները նաև նպատակ ունեն տեղեկատվական հող նախապատրաստել ապագայում հնարավոր ուժային գործողությունների համար: Հակամարտության ներուժը պահպանվում է, և համապատասխան տեղեկատվական մթնոլորտի սրման միտումներ են նկատվում։

Վերջին 10-15 տարիներին Ադրբեջանի բանակաշինության ռազմավարությունը հիմնված է զինանոցում առկա խորհրդային/ռուսական համակարգերը արևմտյան տեխնոլոգիաներին ինտեգրելու սկզբունքի վրա։ Ադրբեջանի ռազմատեխնիկական գործընկերների շարքում միշտ առանձնացել են Արևելյան Եվրոպայի երկրները՝ ՆԱՏՕ-ի և Եվրամիության, այսպես կոչված, «նոր անդամները»։ Եվ այդ «ավանդույթները» շարունակում են զարգանալ։

Հետաքրքրական է, որ ԵՄ որոշ երկրներ Ադրբեջանին զենք են մատակարարում հենց այն ժամանակ, երբ նույն ԵՄ-ի դիտորդները տեղակայված են հայ-ադրբեջանական սահմանին՝ հայտարարելով էսկալացիա թույլ չտալու նպատակի մասին։ Այս առնչությամբ Հարությունովը կարծում է, որ եվրոպական քաղաքականությունը միշտ էլ ինչ-որ «խճանկարային», բազմակենտրոնության բնույթ է կրել։ Բացի այդ, Ադրբեջանին զենքի մատակարարման առումով լուրջ սահմանափակումներ Արևմուտքը և մասնավորապես ԵՄ-ն երբեք չեն կիրառել։

Մեկնաբանելով ցուցադրված նմուշները՝ Հայաստանի ռազմարդյունաբերական կոմիտեի նախկին ղեկավար Ավետիք Քերոբյանը ուշադրություն հրավիրեց ադրբեջանական որևէ օրիգինալ մշակման բացակայության վրա։ Բոլոր նմուշների դեպքում խոսքը արտասահմանյան ռազմական արտադրանքի հասարակ կրկնօրինակման մասին է։

Նա կարծում է, որ Ադրբեջանի ռազմարդյունաբերական համալիրի վիճակին դժվար է գնահատական տալ՝ թափանցիկության և համարժեք տեղեկատվության բացակայության պատճառով։ Եվ մեծ հավանականությամբ, խոսքն ավելի շատ PR էֆեկտի մասին է, քան իրական բովանդակության։

«Պետք է հասկանալ, որ Ադրբեջանն ամենևին էլ իր ուժերով և հնարավորություններով չէ, որ կռվում է Հայաստանի դեմ. օգնության են գալիս Թուրքիան և Իսրայելը՝ իրենց տեխնոլոգիաներով, մշակումներով և լուծումներով ։ Այս դեպքում բոլորովին կարևոր չէ՝ Բաքուն սեփական ռազմարդյունաբերությունն ունի, թե ոչ»,-ասաց մեր զրուցակիցը։