Երևանը մասնակցել է ԱՊՀ ԱԳ նախարարների խորհրդի հայտարարության համաձայնեցմանը. Զախարովա
(last modified Wed, 09 Oct 2024 14:46:40 GMT )
Հոկտեմբեր 09, 2024 18:16 Asia/Tehran
  • Երևանը մասնակցել է ԱՊՀ ԱԳ նախարարների խորհրդի հայտարարության համաձայնեցմանը. Զախարովա

Հայաստանն ակտիվորեն մասնակցել է «Եվրասիայում անվտանգության ապահովման սկզբունքների մասին» ԱՊՀ ԱԳ նախարարների խորհրդի հայտարարության նախագծի համաձայնեցմանը, սակայն ավելի ուշ հրաժարվել է ստորագրել այն։ Այսօր ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:

Ավելի վաղ ՀՀ ԱԳՆ-ից հայտնել էին, որ Երևանը չի միացել ԱՊՀ արտգործնախարարների խորհրդի նիստի արդյունքներով ընդունված երկու հայտարարություններին՝ «Եվրասիայում անվտանգության ապահովման սկզբունքների» և «Միջազգային հարաբերություններում միակողմանի միջոցների կիրառման անթույլատրելիության» վերաբերյալ։

«Հայաստանն ակտիվորեն մասնակցել է հայտարարության նախագծի փորձագիտական համաձայնեցմանը, առաջարկներ ներկայացրել տեքստի վերաբերյալ։ Շատերը հաշվի են առնվել: Միևնույն ժամանակ, ԱԳՆ ղեկավարների խորհրդում ԱԳ նախարարը չի ստորագրել այն»,- ասել է Զախարովան։

Թե ինչու նա դա չի արել, Զախարովան առաջարկել է հարցնել հենց Արարատ Միրզոյանին։

Նշենք, որ ԱՊՀ երկրների ԱԳ նախարարները Մոսկվայում կայացած հանդիպմանը հայտարարություն են ընդունել եվրասիական տարածքում անվտանգության ոլորտում համագործակցության սկզբունքների մասին՝ ընդգծելով միջազգային իրավունքի համակարգի պահպանման կարևորությունը:

Փաստաթղթում նաև խոսվում է անվտանգության, տնտեսության և մշակույթի ոլորտներում փոխգործակցությունը բազմաբևեռ իրողություններին հարմարեցնելու անհրաժեշտության մասին: ԱՊՀ երկրները պատրաստակամություն են հայտնել նպաստել Եվրասիայում հավասար և անբաժանելի անվտանգության համակարգի ստեղծմանը, ինչպես նաև նպաստել ռազմաքաղաքական իրադրության երկարաժամկետ կայունացմանը և տարածաշրջանային նոր հակամարտությունների կանխմանը: