Հայերն Ադրբեջանում անցկացվելիք COP29-ին ընդառաջ ակցիաներ են անում տարբեր երկրներում
Հայերն Ադրբեջանում անցկացվելիք COP29–ին (ՄԱԿ–ի Կլիմայի փոփոխության համաժողով) ընդառաջ ակցիաներ են իրականացնում` պահանջելով ազատ արձակել հայ պատանդներին և գերեվարված անձանց։ Տեղեկությունը հայտնում է Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը (ANCA)։
ANCA–ն «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում հրապարակել է կանադահայերի և ամերիկահայերի ակցիաների կադրերը։
Տորոնտոյում երիտասարդները պաստառ են պարզել, որում պատկերված են Ադրբեջանում ապօրինի պահվող հայերի լուսանկարները և գրված է. «Ադրբեջանում ապօրինի պահվող հայերն են։ Ազա՛տ արձակեք հայ պատանդներին»։
Վաշինգտոնում էլ ակցիա է անցկացվել Ջոն Հոպկինսի համալսարանի մոտ։ Հենց այստեղ է COP29-ին նվիրված պանելային քննարկում անցկացվելու, որին նաև Ադրբեջանի կառավարության ներկայացուցիչներ են ներկա լինելու։ Երիտասարդները պաստառներից մեկի վրա գրել են «ցեղասպանություն», իսկ մյուսի վրա կրկին կոչ են արել ազատ արձակել հայ պատանդներին։
Հիշեցնենք` պաշտոնական տվյալներով` Ադրբեջանում 23 հայ գերի է պահվում, որոնցից 17-ը գերեվարվել են 2023 թվականի ագրեսիայի հետևանքով։ Նրանց թվում է նաև Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությունը։
Sputnik.