Իրանի վերաբերյալ Թրամփի վարչակազմի հայտարարությունների ու քայլերի միջև հակասությունը
Թեև իր նախագաության սկզբում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը բազմիցս խոսել է Իրանի հետ բանակցելու մասին և անգամ նամակ է հղել Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդ այաթոլլահ Խամենեիին, գործնականում ավելի է խստացրել Իրանի նկատմամբ առավելագույն ճնշման քաղաքականությունն ու ամեն օր նոր քայլեր է ձեռնարկում այդ ուղղությամբ։
Մարտի 12-ին ԱՄՆ ֆինանսների նախարարությունը հայտարարեց ԻԻՀ նավթի նախարար Մոհսեն Փաքնեժադի և իրանական նավթի արտահանման հետ կապված մի քանի ընկերությունների ու նավերի դեմ նոր պատժամիջոցների սահմանման մասին։
Պետքարտուղարության արտաքին ակտիվների վերահսկման գրասենյակի (OFAC) տարածած հայտարարության մեջ ասվում է, որ պատժամիջոցները սահմանվել են «ստվերային նավատորմի» և այլ նավերի վրա ճնշում գործադրելու նպատակով, որոնք Իրանը օգտագործում է Չինաստան նավթ առաքելու համար: Այս գործողությունն ԱՄՆ վարչակազմի «առավելագույն ճնշման» ռազմավարության մի մասն է, որի նպատակն է զրոյի հասցնել Իրանի նավթի արտահանումը: Հայտարարության համաձայն՝ Մոհսեն Փաքնեժադը, ով անցած ամառվանից ղեկավարում է Իրանի նավթի նախարարությունը, առանցքային դեր է խաղացել Իրանի զինված ուժերին, այդ թվում՝ Պահապանների կորպուսին ու ոստիկանությանը, միլիարդավոր դոլարների նավթ հատկացնելու գործում։
Իրանի նավթի ոլորտի նկատմամբ սահմանված պատժամիջոցների խստացման շրջանակում, մի շարք երկրներում, այդ թվում՝ Չինաստանում, Հոնկոնգում, Հնդկաստանում, Բանգլադեշում, Սեյշելներում և Սուրինամում պատժամիջոցներ են սահմանվել մի քանի ընկերությունների և նավերի վրա։ ԱՄՆ կառավարությունը նախազգուշացրել է, որ պատժամիջոցների ցանկացած խախտում կարող է հանգեցնել քաղաքացիական կամ քրեական պատասխանատվության այն անձանց և կազմակերպությունների համար, որոնք ներգրավված են այդ գործարքներում:
Նախագահի պաշտոնում իր երկրորդ ժամկետում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը բազմիցս հայտարարել է, թե ցանկություն ունի Իրանի հետ վեճերը լուծել բանակցությունների միջոցով։ Սակայն իր բոլոր հայտարարություններում և նույնիսկ նամակում Թրամփը վերևից է նայել Իրանին և ներկայացրել է միայն ԱՄՆ-ի պահանջներն, առանց հաշվի առնելու Թեհրանի պահանջները։
Օրերս, Fox Business-ին տված հարցազրույցում, Թրամփն ասել էր, որ նամակ է գրել Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիին՝ նրան հրավիրելով բանակցելու։
Նա ասել էր․ «Ես կնախընտրեի Իրանի հետ բանակցել ու համաձայնության գալ։ Մյուս տարբերակն այն է, որ դուք ինչ-որ բան անեք: Որովհետև Իրանը չի կարող միջուկային զենք ունենալ»։
Թրամփն ԻԻՀ առաջնորդին նամակ գրելու մասին հայտարարելով փորձում է Վաշինգտոնին ներկայացնել որպես դիվանագիտության կողմնակից ու բանակցային գնդակը նետում է Իրանի դաշտ։ Փաստացի, որդեգրելով «խաղաղություն ուժի միջոցով» ռազմավարությունը և սպառնալով Թեհրանին՝ Թրամփը փորձում է իր պայմանները թելադրել Իրանին։ Նամակը Իրան հասավ ԱՄԷ կառավարության բանագնացի միջոցով, որն այցելել էր Թեհրան։
Նամակի մասին Թրամփի հայտարարության հաջորդ օրն այաթոլլահ Խամենեին հայտարարեց. «Որոշ կռվարար կառավարությունների կողմից բանակցելու մասին հայտարարությունների նպատակը ոչ թե խնդիրներ լուծելն է, այլ գերակայություն հաստատելը: Բանակցությունները նրանց անհրաժեշտ են՝ իրենց պահանջները մյուս կողմին պարտադրելու համար։ ԱՄՆ-ի համար բանակցությունները չեն սահմանափակվելու միայն Իրանի միջուկային ծրագրով։ Այդ երկիրը բանակցությունների չի գնում լուծման համար։ Նրանք ցանկանում են գերակայել և պարտադրել իրենց կամքը»։
Առաջնորդը հավելել է․ «Հետո նրանք կներկայացնեն պահանջներ, որոնք Իրանը հաստատ չի բավարարի։ Կպահանջեն կրճատել մեր պաշտպանական ու միջազգային հնարավորությունները, հրթիռների հեռահարությունը և այլն»։
Մարտի 12-ին, ԻԻՀ ԱԳՆ խոսնակ Էսմայիլ Բաղային հայտարարեց, որ Դոնալդ Թրամփի նամակը Թեհրանին է փոխանցվել Արաբական Միացյալ Էմիրությունների նախագահի դիվանագիտական խորհրդական Անվար Գարգաշի կողմից։
Այաթոլլահ Խամենեին նույն օրը հերթական անգամ դեմ արտահայտվեց ԱՄՆ-ի հետ բանակցություններին՝ նշելով, որ վստահ չէ, որ ԱՄՆ-ն կչեղարկի պատժամիջոցները։
Նա հայտարարեց․ «Ինչ-որ մարդիկ ներսում անընդհատ սրում են բանակցության հարցը և հարցնում, թե ինչո՞ւ չենք արձագանքում, չենք բանակցում։ Եթե բանակցությունների նպատակը պատժամիջոցների վերացումն է, ապա ԱՄՆ այս կառավարության հետ բանակցությունների արդյունքում պատժամիջոցները չեն չեղարկվի»։