Ի՞նչ է կատարվում Թուրքիայում
-
Ստամբուլի քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուի ձերբակալության դեմ բողոքի ցույցերը
ParsToday- Ստամբուլի քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուն ձերբակալվել է կոռուպցիայի և ահաբեկչական խմբավորմանն օժանդակելու մեղադրանքով։ Թուրքիայի ընդդիմությունը դատապարտել է Իմամօղլուի ձերբակալությունը։
Pars Today-ի հաղորդմամբ՝ Թուրքիայի ոստիկանությունը չորեքշաբթի ձերբակալել է Ստամբուլի քաղաքապետ և ընտրություններում նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի մրցակից Էքրեմ Իմամօղլուին՝ կոռուպցիայի և ահաբեկչության մեղադրանքով։ Ձերբակալությունից հետո երկրի ողջ տարածքում մեկնարկել են բողոքի լայնածավալ ցույցեր։
Էքրեմ Իմամօղլուի ձերբակալությունը զայրացրել է ընդդիմությանը, որը հայտարարել է, որ ձերբակալությունը քաղաքական դրդապատճառներ ունի։
Բողոքի լայնածավալ ցույցերի ֆոնին Ստամբուլի քաղաքապետարանը մինչև մարտի 23-ն արգելել է հավաքներն ու ցույցերը։ Սակայն չնայած արգելքին, տասնյակ հազարավոր մարդիկ չորեքշաբթի երեկոյան հավաքվել են Ստամբուլի քաղաքապետարանի դիմաց և վանկարկել հակակառավարական կարգախոսներ։
Ցույցի ժամանակ ելույթ է ունեցել CHP-ի առաջնորդ Օզգյուր Օզելը, հայտարարելով, որ Իմամօղլուն Թուրքիայի ապագա նախագահն է։
Անկարայի քաղաքապետ Մանսուր Յավաշը հայտարարել է, որ սատարում է Էքրեմ Իմամօղլուին և չեղարկել է նախագահական ընտրություններին մասնակցելու իր որոշումը։
Թուրքիայի անվտանգության ուժերի կողմից Ստամբուլի քաղաքապետի ձերբակալությունից հետո խորհրդարանում նույնպես իրավիճակը լարված է։ Հրապարակվել են պատկերներ իշխող կուսակցության ներկայացուցչի և Ժողովրդական Հանրապետության ներկայացուցիչների միջև վիճաբանությունից։
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն արձագանքելով Ստամբուլի քաղաքապետի ձերբակալությանը, հայտարարել է, որ ընդդիմությունը, կոռուպցիոն մեղադրանքներին պատասխանելու փոխարեն, փորձում է ժողովրդին մոլորեցնել քաղաքական կարգախոսներով։
ԶԼՄ-ները հաղորդում են, որ երկրի տարբեր քաղաքներում անցկացվող ցույցերի մասնակիցները երկրորդ գիշերն անընդմեջ բողոքում են Էքրեմ Իմամօղլուի ձերբակալության դեմ, իսկ որոշ վայրերում բախումներ են տեղի ունեցել ցուցարարների և ոստիկանների միջև։