Մեկնաբանություն - Ամերիկան անվստահելի գործընկեր է
Pars Today-Կանադայի վարչապետ Մարկ Քարնին, որը փոխարինել է նախկին վարչապետ Ջասթին Թրյուդոյին, ընդգծելով, որ անպայման կարձագանքի տնտեսական և առևտրային ոլորտներում իր երկրի դեմ ԱՄՆ-ի գործողություններին, խոստովանել է. «Ամերիկան այլևս վստահելի գործընկեր չէ»։Քարնին նշել է․-«Մենք անպայման պատասխանելու ենք ԱՄՆ-ի գործողություններին, այս երկիրը երբեք չի կարողանա թուլացնել Կանադային։ Մաքսատուրքերը երկարաժամկետ հեռանկարում ավելի շատ կվնասեն ամերիկացիներին, քան Կանադային», հավելել է նա։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի պաշտոնավարման երկրորդ ժամկետի ընթացքում Վաշինգտոնը կրկին որդեգրել է աշխարհին սպառնալու քաղաքականություն։ Այս կապակցությամբ Թրամփը անամոթաբար տարածքային պահանջներ է ներկայացրել Կանադայի, Գրենլանդիայի և Պանամայի դեմ՝ միաժամանակ առևտրային պատերազմ սկսելով ոչ միայն Վաշինգտոնի մրցակիցների, հատկապես Չինաստանի, այլ նաև ԱՄՆ գործընկերների դեմ, ինչպիսիք են Կանադան, Մեքսիկան և Եվրամիությունը, և իր դիրքորոշումներում ու հայտարարություններում մշտապես սպառնում է այլ երկրներին։ Թրամփի գերիշխող և ագրեսիվ մոտեցումը պատճառ է դարձել, որ ԱՄՆ-ի նույնիսկ շատ մտերիմ գործընկերները, ինչպիսին Կանադան է, բացահայտորեն խոսեն Վաշինգտոնի անվստահելիության մասին:
2025 թվականի մարտի կեսերին ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեի հետ մամուլի ասուլիսում Դոնալդ Թրամփը կրկնեց իր տարածքային սպառնալիքները Կանադայի դեմ և ընդգծեց այդ երկիրը Միացյալ Նահանգներին միացնելու իր մտադրությունը: Թրամփը մամուլի ասուլիսում պնդեց, որ Կանադան տարիներ շարունակ «ագրեսիայի» է ենթարկել ԱՄՆ-ին, և որ ինքը մտադիր չէ հետ կանգնել Կանադայի տարածքից ներկրվող ապրանքների վրա սահմանված մաքսատուրքերից։ Ապա նա կրկնելով Կանադան ԱՄՆ-ի 51-րդ նահանգը դառնալու մասին իր պնդումները՝ ասաց, որ Կանադան կարող է գոյություն ունենալ միայն որպես մի նահանգ, և որ Միացյալ Նահանգները նրանց ունեցածի կարիքը չունի։
ԱՄՆ նախագահը նույնպես բազմիցս ընդգծել է Գրենլանդիան վերահսկելու անհրաժեշտությունը։ Սակայն Գրենլանդիայի ժողովուրդը վճռական ոչ է ասել Թրամփի վարչակազմի էքսպանսիոնիզմին: Գրենլանդիայում անցկացված նոր հարցման համաձայն՝ Տարածաշրջանի բնակչության միայն 6%-ն է ցանկանում միանալ ԱՄՆ-ին, իսկ 85%-ը դեմ է Գրենլանդիայի միացմանը ԱՄՆ-ին:
Պանամայում Չինաստանի ներկայության պատրվակով Թրամփը նաև բազմիցս խոսել է Պանամայի ջրանցքին տիրանալու անհրաժեշտության մասին և ուղղակիորեն սպառնացել է այդ երկրի կառավարությանը։ Այն աստիճան,որ Պանամայի կառավարությունը ստիպված եղավ չեղարկել Պանամայի ջրանցքի կառավարման պայմանագիրը Հոնկոնգյան ընկերության հետ: Ի վերջո, պայմանավորվածություն ձեռք բերվեց, որ ամերիկյան BlackRock ընկերությունը 22,8 միլիարդ դոլար արժողությամբ գործարքով կգնի Պանամայի ջրանցքի երկու հիմնական նավահանգիստները Հոնկոնգցի սեփականատիրոջից:Այս քայլը կատարվում է Պանամայի ջրանցքի վրա տնտեսական վերահսկողություն ձեռք բերելու և Չինաստանի ազդեցությունը այս ռազմավարական տարածաշրջանում նվազեցնելու նպատակով։ Արձագանքելով ԱՄՆ ճնշումներին, Պանամայի նախագահ Խոսե Ռաուլ Մոլինոն 2025 թվականի փետրվարի 6-ին հայտարարեց, որ չեղյալ է հայտարարել Չինաստանի հետ «Տնտեսական Մետաքսի ճանապարհի» մասին համաձայնագիրը։ Նա նշել է,որ այդ քայլի պատճառը ԱՄՆ-ի ճնշումներն են Պանամայի ջրանցքում Պեկինի ազդեցությունը նվազեցնելու համար։ Որոշումն ընդունվել է այն բանից հետո, երբ Թրամփը սպառնացել է,թե «շատ լուրջ դեպք կարող է տեղի ունենալ», եթե ԱՄՆ-ն հետ չստանա Պանամայի ջրանցքը։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վերընտրմամբ նա դիմել է ռուսների հետ ուղիղ բանակցությունների՝ Ուկրաինայում պատերազմին վերջ տալու իր խոստումը կատարելու համար։ Միևնույն ժամանակ, Թրամփի վարչակազմի պաշտոնյաները հերքել են եվրոպացիների հակառուսական պնդումներն ու մոտեցումները՝ կապված Ռուսաստանի կողմից եվրոպայի անվտանգության դեմ ուղղված սպառնալիքի հետ։ Ընդհանուր առմամբ, այս խնդիրները հանգեցրել են Վաշինգտոնի նկատմամբ եվրոպական երկրների անվստահության աճին, և այդ պատճառով ՆԱՏՕ-ի անդամ եվրոպական երկրները ձգտում են ստեղծել անկախ եվրոպական պաշտպանական կարողություն կամ եվրոպական ՆԱՏՕ: