Արդյո՞ք Թրամփի ճնշումը կմերձեցնի Չինաստանին ու Ճապոնիային
Ճապոնիայի վարչապետին ուղղված նամակում Չինաստանի վարչապետը կոչ է արել համագործակցել՝ Թրամփի վարչակազմի մաքսային քաղաքականությանը դիմակայելու համար:
Այդ մասին հայտնել են Ճապոնիայի կառավարության մի քանի պաշտոնյաներ։
Pars Today-ը՝ վկայակոչելով ճապոնական Kyodo լրատվական գործակալությունը, հաղորդում է, որ Չինաստանի վարչապետ Լի Կեցյանի նամակը Տոկիոյի կառավարությանն է փոխանցվել Ճապոնիայում Չինաստանի դեսպան Ու Ցզյանգաոյի միջոցով։ Նշվում է, որ նամակում ընդգծվել է ԱՄՆ-ի սահմանած բարձր մաքսատուրքերին համատեղ դիմակայելու անհրաժեշտությունը
Չինաստանի վարչապետի այս քայլը ճապոնական լրատվամիջոցները որակել են որպես ԱՄՆ տնտեսական ճնշմանը դիմակայելու հարցում Տոկիոյի աջակցությունը ստանալու փորձ: Ճապոնիայի կառավարությունը հայտարարել է, որ Չինաստանի հետ հարաբերությունները մանրակրկիտ քննարկում են պահանջում։
Ճապոնիայի կառավարությունը նաև կոչ է արել արագ կարգավորել Պեկինի և Տոկիոյի միջև քաղաքական և տնտեսական տարաձայնությունները, մասնավորապես՝ երկկողմանի զգայուն հարցերի շուրջ, ինչպիսիք են՝ Չինաստանի կողմից Ֆուկուսիմա ատոմակայանից մաքրված ջրի արտանետումից հետո ճապոնական ծովամթերքի ներմուծման արգելքը և Չինաստանի կողմից ճապոնական տավարի մսի ներկրումը վերսկսելը:
Ճապոնիայի իշխող կոալիցիոն կուսակցության առաջնորդ Տեցուո Սաիտոն երեքշաբթի մեկնել է Չինաստան և այդ երկրի նախագահին փոխանցել Ճապոնիայի վարչապետի պատասխան նամակը:
Լրագրողների հետ ճեպազրույցում նա ասել է․ «Վարչապետն ինձ խնդրեց հանձնել այս նամակը, քանի որ նա չի կարող այս պահին անձամբ մեկնել Չինաստան»։
Վերջին շրջանում Չինաստանի և Միացյալ Նահանգների միջև տնտեսական տարաձայնությունները սրվել են, և Պեկինը, ըստ երևույթին, տարածաշրջանային դաշնակիցներ է փնտրում՝ նվազեցնելու Վաշինգտոնի առևտրային քաղաքականությունից բխող ճնշումները: