Արաղչի․ Հանցագործությունների համար պատժից Իսրայելի խուսափելու հետևանքները վտանգավոր են
Բրազիլիայում կայացած՝ ԲՐԻԿՍ 17-րդ գագաթնաժողովում անդրադառնալով Իսրայելի և ԱՄՆ-ի կողմից Իրանի վրա վերջերս կատարված հարձակումներին, ԻԻՀ ԱԳ նախարար Աբբաս Արաղչին այդ գործողություններն անվանել է «միջազգային խաղաղության աննախադեպ խախտում» և զգուշացրել, որ Իսրայելի՝ հանցագործությունների համար պատասխանատվությունից խուսափելը վտանգավոր է։ Նա ընդգծել է, որ այս միտման շարունակությունը շատ վտանգավոր հետևանքներ կունենա տարածաշրջանային անվտանգության և համաշխարհային համակարգի համար։
Անդրադառնալով Իրանի քաղաքացիական և միջուկային օբյեկտներին հասցված վնասներին ու մարդկային զոհերին՝ Արաղչին ասել է, որ այդ հարձակումներն իրականացվել են Միացյալ Նահանգների անմիջական մասնակցությամբ և լիովին հակասում են ՄԱԿ-ի կանոնադրության 2-րդ հոդվածի 4-րդ կետին, Միջուկային զենքի չտարածման մասին պայմանագրին և Անվտանգության խորհրդի 2231 բանաձևին։ Նրա խոսքով՝ հարձակումների հետևանքով զոհվել կամ վիրավորվել է ավելի քան 6 հազար մարդ, իսկ խաղաղ միջուկային օբյեկտների վրա հարձակումը լուրջ վնաս է հասցրել դիվանագիտությանը և չտարածման ռեժիմին։
Արաղչին հավելել է, որ Իրանի միջուկային ծրագիրը միշտ եղել է խաղաղ և գտնվում է Ատոմային էներգիայի միջազգային գործակալության խիստ հսկողության ներքո։ Նրա խոսքով՝ Իրանի ժողովուրդը, անսասանության և դիմադրության շնորհիվ, հետ է մղել հարձակումները և վճռական է՝ հետագայում ցանկացած հնարավոր ագրեսիայից պաշտպանվելու հարցում։
Քննադատելով միջազգային հանրության անկարողությունը՝ դադարեցնել Սիոնիստական ռեժիմի հանցագործությունները, Արաղչին ասել է, որ ռեժիմի անձեռնմխելիությունը պայմանավորված է ԱՄՆ-ի և որոշ արևմտյան երկրների անվերապահ աջակցությամբ։ Նա հայտարարել է, որ Իրանը մտադիր է փաստաթղթավորել Իսրայելի ռազմական հանցագործությունները և մարդկության դեմ ուղղված հանցագործությունները և պահանջելու է արդարադատություն և փոխհատուցում։