BRICS-ն աջակցում է Թեհրանին և Իրանի դերակատարությանը նոր աշխարհակարգում
Իրանական «Վաթան Էմրուզ» թերթը վերլուծել է Իրանի վրա ԱՄՆ-ի և Իսրայելի հարձակումները դատապարտող BRICS-ի օրերս տարածած հայտարարությունը, և քննարկել է Իրանի դերը նոր աշխարհակարգում։
Վերլուծական հոդվածում ասված է․-«Իրանի քաղաքացիական ենթակառուցվածքների և միջուկային օբյեկտների դեմ ԱՄՆ-ի և Իսրայելի հարձակումների դատապարտման վերաբերյալ BRICS խմբի տարածած հայտարարությունը հանդիսանում է շրջադարձային կետ՝ աշխարհակարգի փոփոխության մեջ և Իրանի դիվանագիտական դիրքում։ Այս հայտարարությունը, որը հրապարակվել է Ռիո դե Ժանեյրոյի համաժողովում, միայն քաղաքական դիրքորոշում չէ, այլև արտահայտում է Արևմուտքի մենաշնորհյալ գերակայության ավարտը և BRICS-ի նման բլոկների առանցքայնությամբ բազմաբևեռ աշխարհակարգի մեկնարկը։ 2024 թվականից Իրանի լիարժեք անդամակցությունը BRICS-ին և Չինաստանի, Ռուսաստանի ու Հնդկաստանի նման հիմնական անդամների աջակցությունը նշանակում է Իրանի քաղաքականությունների օրինականացում և Թեհրանը մեկուսացնելու նպատակով Արևմուտքի ջանքերին դիմակայում։
Իրավական տեսանկյունից այս հայտարարությունն Իրանին հնարավորություն է տալիս միջազգային կառույցներում հետամուտ լինել ԱՄՆ-ի և Իսրայելի գործողություններին։ Անվտանգության առումով BRICS-ի աջակցությունը կարող է օգնել՝ կանխել ռազմական սպառնալիքները և հիմք ստեղծել Չինաստանի և Ռուսաստանի հետ ավելի խորը պաշտպանական համագործակցության համար: Տնտեսական առումով Իրանը կարող է օգտագործել BRICS-ի ներուժը նոր շուկաներ մուտք գործելու, օտարերկրյա ներդրումներ ներգրավելու և այլընտրանքային ֆինանսական համակարգեր օգտագործելու համար:
Տարածաշրջանային մակարդակում BRICS-ի մասնավորապես՝ ԱՄԷ-ի նման երկրների կողմից ցուցաբերվող աջակցությունը, կարող է Արևմտյան Ասիայում ուժերի հավասարակշռությունը փոխել Իրանի օգտին և ամրապնդել Դիմադրության առանցքի դիրքը։ Վերջին հաշվով, այս հայտարարությունը արտացոլում է մեծ տեղաշարժ համաշխարհային հավասարումներում , որը թույլ կտա Իրանին ավելի արդյունավետ դերակատարություն ունենալ ավելի արդար աշխարհակարգում և ազատվել Արևմուտքի կողմից պարտադրված մեկուսացումից։