ՌԴ կառավարությունը հավանություն է տվել ՀՌՀ–ի վերաբերյալ Հայաստանի հետ համաձայնագրին
Ռուսաստանի կառավարությունը հավանություն է տվել Հայ-Ռուսական (Սլավոնական) համալսարանի (ՀՌՀ) գործունեության պայմանների վերաբերյալ Հայաստանի հետ միջպետական համաձայնագրին։ Փաստաթուղթը ներկայացվել է Պետդումայի վավերացմանը։
ՌԴ գիտության և բարձրագույն կրթության փոխնախարար Կոնստանտին Մոգիլևսկու խոսքով՝ համալսարանի գործունեության վերաբերյալ նախորդ համաձայնագիրը, որը կնքվել էր 1997 թվականին (հիմնադրման տարում), արդեն հնացած է։
«Համաձայնագիրը նոր խթան կհաղորդի համալսարանի զարգացմանը, թույլ կտա օպտիմալացնել համալսարանի կառավարման մեխանիզմը, լրացուցիչ հնարավորություններ կստեղծի ակադեմիական մոբիլության համար», – հավելել է Մոգիլևսկին։
Հուլիսի 3-ին համաձայնագիրը վավերացրել է ՀՀ ԱԺ–ն։
Նոր համաձայնագիրը նախատեսում է ուսումնական հաստատության ֆինանսավորման սկզբունքների և դրա ղեկավարության ձևավորման կարգի վերանայում, ինչպես նաև ուղղված է կուտակված կազմակերպչաիրավական խնդիրների կարգավորմանը։
Ինչ վերաբերում է համալսարանի գործունեության ֆինանսավորմանը, ապա նշվում է, որ այն իրականացվում է երկու երկրների պետբյուջեների հաշվին՝ համաձայն նրանց ազգային ռազմավարական փաստաթղթերի և հաշվի առնելով նրանց ազգային օրենսդրության դրույթները (ֆինանսավորման չափը կամ երկու երկրների միջև դրա հարաբերակցությունը չի նշվում):
Sputnik