Ի՞նչ նպատակ են հետապնդում Զանգեզուրի միջանցքի ստեղծմանն ուղղված Բաքվի քայլերը
Այն պայմաններում, երբ Իրանի և Սիոնիստական ռեժիմի միջև լարվածությունը հասել է գագաթնակետին, Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ, ակտիվացրել է այսպես կոչված Զանգեզուրի միջանցքի ստեղծմանն ուղղված իր ջանքերը։
Այս միջանցքը, որն ուղղակիորեն կտրում է Իրանի ցամաքային կապը Հայաստանի և եվրասիական այլ երկրների հետ, կարող է լուրջ հետևանքներ ունենալ Իրանի աշխարհաքաղաքական և տնտեսական իրավիճակի համար։
Այսպես կոչված Զանգեզուրի միջանցքը Սյունիքով Ադրբեջանը կկապի Նախիջևանի, ապա՝ Թուրքիայի հետ։ Այս նախագիծը ոչ միայն կթուլացնի Իրանի տարանցիկ դիրքը, այլև կարող է ամրապնդել Բաքվի գերիշխանությունը էներգետիկ շուկայի և ռազմավարական երթուղիների նկատմամբ։
Այս երթուղին Թուրքիայի նախագահ Էրդողանի ռազմավարության դրսևորումն է, որն ուղղված է Թուրքիայի դիրքերի ամրապնդմանը՝ Արևելք-Արևմուտք միջանցքներում, մասնավորապես՝ Չինաստան-Եվրոպա երթուղում։
Այս առումով Իրանը պետք է արագորեն ձեռնարկի քաղաքական և ռազմական արդյունավետ միջոցներ։ Բացի այն, որ Իրանը այս հարցը որպես կարմիր գիծ է ներկայացրել իր համար , դեպի Եվրոպա և Ռուսաստան այլընտրանքային տարանցիկ ուղիների ակտիվացումը, որպես էական առաջնահերթություն, կարող է նպաստել Իրանի դիրքի ամրապնդմանը համաշխարհային շուկաներում։
Կան երկու այլընտրանքային ուղիներ՝ շրջանցելու Թուրքիան և Ադրբեջանը՝ անտեսելով սիրիական երթուղին, որն այժմ փակ է։ Առաջինը՝ Ամիրաբադ նավահանգստի Ro-Ro նավամատույցն է, որը դեռևս չի իրականացվել՝ չնայած իր 20-ամյա պատմությանը, և երկրորդը՝ Հայաստան-Վրաստան երթուղին է, որը չի կարողացել շահագործման հանձնվել քաղաքական և տնտեսական հարաբերություններում առաջընթացի բացակայության պատճառով։
Իրանի և Վրաստանի միջև տրանսպորտի ոլորտում կան լայնածավալ ընդհանուր շահեր, որոնք պետք է հաշվի առնվեն։ Երկրի շուրջը գտնվող ծովային ավազանները Սև ծովին կապելը և Բալկանյան երկրներին հասանելիություն ունենալը, որոնք ավելի մեղմ քաղաքականություն ունեն, քան արևմտյան երկրները, կարող են մեծացնել Իրանի աշխարհաքաղաքական կշիռը։
Հաշվի առնելով առկա սպառնալիքները և Ադրբեջանի ու Թուրքիայի տեղաշարժերը, Իրանը պետք է մտածի այս այլընտրանքային երթուղիները հնարավորինս շուտ ակտիվացնելու մասին, որպեսզի ապրանքների տարանցումը դեպի Եվրոպա և Ռուսաստան չհետաձգվի այլ երկրների կողմից։
Այս քայլը կարող է ոչ միայն նպաստել Իրանի տնտեսական և աշխարհաքաղաքական դիրքի ամրապնդմանը, այլև արդյունավետ կլինի ազգային շահերի պահպանման և տարածաշրջանում Թուրքիայի և Ադրբեջանի ազդեցության ընդլայնումը կանխելու համար։
2016 թվականին Իրանը ներկայացրեց Պարսից ծոց-Սև ծով միջանցքի տարածաշրջանային նախաձեռնությունը։ Այս բազմակողմանի միջանցքը սկսվում է Պարսից ծոցից և Իրանի հարավից, ապա անցնելով Հայաստանով կամ Ադրբեջանով միանում է Սև ծովում գտնվող Վրաստանի և Բաթումի նավահանգիստներին։
Այնտեղից Ro-Rօ-ի նավերը կտրելով Սև ծովը, ուղևորվում են դեպի Բուլղարիայի Բուրգաս և Վառնա նավահանգիստներ։ Վերջապես, բեռը կրկին ավտոմոբիլային ճանապարհով տեղափոխվում է Հունաստան և Եվրամիություն։
Վերջին տարիներին Պարսից ծոց-Սև ծով միջանցքի շահագրգիռ կողմերի (Իրան, Հայաստան, Ադրբեջան, Վրաստան, Բուլղարիա և Հունաստան) մասնակցությամբ անցկացվել են մի շարք մասնագիտացված հանդիպումներ, սակայն կորոնավիրուսի համավարակը խաթարել էր դրանց կայուն գործընթացը։ Երկրի ներկայիս պայմանները պահանջում են, որ այս մասնագիտացված հանդիպումները և Իրանի տնտեսական համագործակցությունը Հայաստանի և Վրաստանի հետ կրկին զարգանան։
Հեղինակ՝ Տրանսպորտային հարցերով փորձագետ՝Մոհամմադ Մահդի Քարիմի Ղեհի
Աղբյուր՝ Tasnim