Իրանը, Ռուսաստանը և Չինաստանը բանակցություններ են անցկացրել Իրանի միջուկային ծրագրի շուրջ
Ավելի վաղ Մոսկվան հայտարարել էր, որ կարևոր է կարգավորել Իրանի միջուկային ծրագրի շուրջ ստեղծված ճգնաժամը քաղաքական և դիվանագիտական միջոցներով։
Իրանի, Ռուսաստանի և Չինաստանի ներկայացուցիչները համաձայնել են առաջիկա շաբաթներին շարունակել խորհրդակցությունները Իրանի միջուկային ծրագրի շուրջ, հաղորդում է Tasnim գործակալությունը։
Նախօրեին Թեհրանում տեղի էր ունեցել կողմերի դիվանագիտական պատվիրակությունների եռակողմ հանդիպումը։ Մասնակից երկրների ներկայացուցիչները քննարկել են միջուկային խնդրի շուրջ բանակցությունների վերջին վիճակը և պատժամիջոցների վերացումը։
«Մասնակիցներն ընդգծել են իրենց կառավարությունների լուրջ ձգտումը՝ շարունակելու սերտ խորհրդակցությունները դիրքորոշումներն ու գործողությունները համակարգելու համար, և համաձայնության եկել այն մասին, որ երեք երկրների այս հանդիպումները կշարունակվեն առաջիկա շաբաթներին տարբեր մակարդակներով», - ասվում է գործակալության հաղորդագրության մեջ։