Կրեմլը մեծ առաջընթաց չէր սպասում Ուկրաինայի հետ բանակցությունների 3-րդ փուլից
https://parstoday.ir/hy/news/world-i235078-Կրեմլը_մեծ_առաջընթաց_չէր_սպասում_Ուկրաինայի_հետ_բանակցությունների_3_րդ_փուլից
Պեսկովը կարծում է, որ Կիևը առաջնորդների հանդիպման մասին խոսակցություններով փորձում է «սայլը ձիուց առաջ դնել»։
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Հուլիս 24, 2025 12:21 Asia/Tehran
  • Կրեմլը մեծ առաջընթաց չէր սպասում Ուկրաինայի հետ բանակցությունների 3-րդ փուլից

Պեսկովը կարծում է, որ Կիևը առաջնորդների հանդիպման մասին խոսակցություններով փորձում է «սայլը ձիուց առաջ դնել»։

Ռուսաստանը մեծ առաջընթաց չէր սպասում Ուկրաինայի հետ բանակցությունների երրորդ փուլից, սակայն ստամբուլյան բանակցություններում ՌԴ-ի առաջարկները կոնկրետ և կառուցողական են եղել։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:

«Երեկ Վլադիմիր Մեդինսկին (ՌԴ նախագահի օգնական, ռուսական պատվիրակության ղեկավար) երրորդ փուլից հետո հաստատեց տրամագծորեն հակառակ մոտեցումները հուշագրի նախագծերին, որոնցով ավելի վաղ կատարվել էր փոխանակումը։ Բայց դրա հետ մեկտեղ Մեդինսկին երեկ կետ առ կետ ներկայացրեց այն օրակարգը, որն առաջարկում էր ռուսական կողմը»,-ասել է նա լրագրողներին ինքնաթիռում կայացած ճեպազրույցի ժամանակ։

Նա ընդգծել է, որ այդ բանակցություններում Ռուսաստանի առաջարկած օրակարգն ուղղված է առարկայական աշխատանքին։

Պեսկովի խոսքով՝ Ռուսաստանի և Ուկրաինայի բարձր մակարդակով հնարավոր հանդիպման մասին խոսակցությունը հնարավոր կլինի կատարված առարկայական աշխատանքից հետո: Նրա խոսքով՝ առաջնորդների հանդիպման մասին խոսակցություններով Կիևը փորձում է «սայլը ձիուց առաջ դնել»։

Կրեմլում կարծում են, որ արժե դրական գնահատել բանակցություններում մարդասիրական թեմաների փաթեթի քննարկումը, ինչպես նաև առցանց ռեժիմով աշխատելու համար խմբեր ստեղծելու ռուսական առաջարկը:

Լրագրողների համապատասխան հարցին ի պատասխան Պեսկովն ասել է, որ Պուտինի ծրագրերում Թրամփի հետ հեռախոսազրույց առայժմ չկա, սակայն անհրաժեշտության դեպքում այն կարելի է օպերատիվ կերպով կազմակերպել: