Ճապոնիայում մեկ րոպե լռությամբ հարգել են Հիրոսիմայի ատոմային ռմբակոծության զոհերի հիշատակը
https://parstoday.ir/hy/news/world-i235558-Ճապոնիայում_մեկ_րոպե_լռությամբ_հարգել_են_Հիրոսիմայի_ատոմային_ռմբակոծության_զոհերի_հիշատակը
Ճապոնիայի բնակիչները մեկ րոպե լռությամբ հարգել են 80 տարի առաջ իրականացված Հիրոսիմայի ատոմային ռմբակոծության զոհերի հիշատակը։
(last modified 2025-08-06T11:17:01+00:00 )
Օգոստոս 06, 2025 14:47 Asia/Tehran
  • Ճապոնիայում մեկ րոպե լռությամբ հարգել են Հիրոսիմայի ատոմային ռմբակոծության զոհերի հիշատակը

Ճապոնիայի բնակիչները մեկ րոպե լռությամբ հարգել են 80 տարի առաջ իրականացված Հիրոսիմայի ատոմային ռմբակոծության զոհերի հիշատակը։

Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը: Ողբերգության տարելիցի առթիվ հիմնական արարողությունը տեղի է ունենում Հիրոսիմայի կենտրոնում գտնվող Խաղաղության հուշահամալիրում։

Լռության րոպեն, որն ավանդաբար ուղեկցվում է զանգի ղողանջներով, ամբողջ երկրում հայտարարվել է տեղական ժամանակով ժամը 08:15-ին (Երևանի ժամանակով ժամը 03:15-ին)՝ 1945 թվականի օգոստոսի 6-ին ռումբի պայթյունի պահին։

Դրանից հետո Հիրոսիմայի քաղաքապետ Կազումի Մացուին ընթերցել է հռչակագիրը, որով աշխարհին կոչ է արել հրաժարվել միջուկային զենքից։  Այնուհետև խոսքով հանդես է եկել վարչապետ Սիգերու Իսիբան։   Հիրոսիմայի և Նագասակիի ատոմային ռմբակոծությունները Միացյալ Նահանգների կողմից իրականացվել են Երկրորդ համաշխարհային պատերազմի ամենավերջում՝ Ճապոնիայի կապիտուլյացիան արագացնելու՝ պաշտոնապես հայտարարված նպատակով։ Դրանք միջուկային զենքի մարտական կիրառման միակ օրինակներն են մարդկության պատմության մեջ։  Հիրոսիմայի վրա նետված ռումբի պայթյունի հետևանքով մեկ օրում, տարբեր գնահատումներով, զոհվել է 70 000-ից մինչև 100 000 մարդ։

1945 թվականի վերջին զոհերի թիվը հասել է 140 000-ի՝ հիվանդանոցներում վերքերից և ճառագայթահարումից մահացածների հաշվին։  Ռմբակոծության զոհերի ընդհանուր թիվը գերազանցում է 350 հազարը: