Ռուս-ադրբեջանական «Հաշտարխանի հաշտությունը»
https://parstoday.ir/hy/news/world-i236148-Ռուս_ադրբեջանական_Հաշտարխանի_հաշտությունը
Օգոստոսի 22-ին Աստրախանում գումարվել է ռուս-ադրբեջանական տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի նիստը:
(last modified 2025-08-22T08:24:41+00:00 )
Օգոստոս 22, 2025 11:54 Asia/Tehran
  • Ռուս-ադրբեջանական «Հաշտարխանի հաշտությունը»

Օգոստոսի 22-ին Աստրախանում գումարվել է ռուս-ադրբեջանական տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի նիստը:

Բաքվի լրատվամիջոցները հայտնում են, որ նիստին ընդառաջ՝ ադրբեջանցի և ռուսաստանցի պաշտոնյաները, այդ թվում՝ ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը «հարգանքի տուրք են մատուցել» Հեյդար Ալիևի հիշատակին, որի արձանը «կանգնեցված է քաղաքի գեղատեսիլ վայրերից մեկում՝ Նաբերեժնայա փողոցի վրա»:

 Այդ արարողությանը մասնակցել է նաև Աստրախանի նահանգապետ Բաբուշկինը:

Ռուս-ադրբեջանական տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի նիստի մասին անցյալ շաբաթ հայտնել է ՌԴ փոխվարչապետ Օվերչուկը՝ ընդգծելով, որ այն կկայանա Մոսկվայում:  Նիստը փաստացի գումարվել է Աստրախանում, ամենայն հավանականությամբ՝ ադրբեջանական կողմի պահանջով:

Ադրբեջանն Աստրախանի մարզի առանցքային գործընկերներից մեկն է, թելեգրամ-ալիքում գրել է նահանգապետ Բաբուշկինը, նա խոսել է ոչ միայն տնտեսական, այլև մշակութային կապերի կարևորության մասին:

Վերջին շրջանում Բաքվից Ռուսաստանի հասցեին պատմա-քաղաքակրթական հավակնություններ են հնչում՝ կապված ներկայումս ՌԴ մաս կազմող տեղաշրջանների և քաղաքների թուրքական ինքնության մասին:

Աստրախանը բացառություն չէ:   Տեղաշրջանը Ռուսական կայսրության կազմում ընդգրկվել է 18-րդ դարի սկզբներին՝  Պետրոս Մեծի Կասպյան արշավանքների ընթացքում, իսկ մինչ այդ հայտնի է եղել որպես Հաշտարխանի խանություն:

Մոսկվայի կողմից ռուս-ադրբեջանական տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի նիստն Աստրախանում անցկացնելու առաջարկությանը համաձայնությունը միանշանակորեն հուշում է, որ Վլադիմիր Պուտինն Ադրբեջանի հետ հարաբերություններում լարվածությունը շարունակելու մտադրություն չունի:

Օգոստոսի 22-ն, այսպիսով, կարելի է անվանել ռուս-ադրբեջանական «Հաշտարխանի հաշտության» օր, որի խորհրդանիշը Հեյդար Ալիևի հիշատակի հարգման արարողությանը ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկի մասնակցությունն է: Անցյալ տարվա օգոստոսին Վլադիմիր Պուտինը Բաքվում ծնրադրել է Հեյդար Ալիևի գերեզմանին: