Մինսկի խմբի լուծարման որոշումը սպասվում է սեպտեմբերի 1-ին
ՀՀ ԱԳՆ–ն օգոստոսի 11-ին հայտարարեց, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարման գործընթացը սկսվել է։
ԵԱՀԿ Մինսկի խումբը և դրան կից կառույցները լուծարելու որոշումը սպասվում է սեպտեմբերի 1-ին։ Ադրբեջանական APA-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը\` մեկնաբանելով Իլհամ Ալիևի վաշինգտոնյան այցը։
«ԵԱՀԿ Մինսկի խմբի և դրա հետ կապված կառույցների լուծարման վերաբերյալ դիմումը տարածվել է ԵԱՀԿ երկրների շրջանում, և ակնկալվում է, որ այդ հարցով որոշում կկայացվի սեպտեմբերի 1-ին»,- ասել է նա։
Բայրամովը նաև նշել է, որ մինչև ընթացիկ տարվա հունվար Հայաստանն անհամաձայնություններ ուներ խաղաղության համաձայնագրի որոշ կետերի հետ։
«Հայաստանը մասնավորապես չէր ընդունում այն կետերը, որոնք վերաբերում էին հայցերը դատարաններից հետ կանչելուն և սահմանին երրորդ ուժերի տեղակայում թույլ չտալուն»,- նշել է Ադրբեջանի արտգործնախարարը։