Մեկնաբանություն - Արդյոք Թրամփը խաղաղություն է բերում, թե՞ պարզապես աղմուկ է բարձրացնում
https://parstoday.ir/hy/news/world-i236288-Մեկնաբանություն_Արդյոք_Թրամփը_խաղաղություն_է_բերում_թե_պարզապես_աղմուկ_է_բարձրացնում
Pars Today - Ամերիկյան մի ամսագիր հրապարակել է հոդված,որում անդրադարձել է մի քանի միջազգային հակամարտություններին վերջ դնելու Թրամփի պնդմանը։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Օգոստոս 26, 2025 14:47 Asia/Tehran
  • Մեկնաբանություն - Արդյոք Թրամփը խաղաղություն  է բերում, թե՞ պարզապես աղմուկ է բարձրացնում

Pars Today - Ամերիկյան մի ամսագիր հրապարակել է հոդված,որում անդրադարձել է մի քանի միջազգային հակամարտություններին վերջ դնելու Թրամփի պնդմանը։

Ամերիկյան Foreign Policy ամսագիրը վերջերս հրապարակած  հոդվածում գրել է. «Վերջին տարիներին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը բազմիցս պնդել է, որ կարողացել է վերջ դնել մի քանի միջազգային հակամարտությունների և միջնորդել խաղաղության համաձայնագրերի»: Pars Today-ի փոխանցմամբ՝ Դոնալդ Թրամփը Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ զրույցում ասել է. «Ես վերջ դրեցի վեց պատերազմների», իսկ հաջորդ օրը հեռուստատեսային հարցազրույցում այդ թիվը հասցրել է «յոթ պատերազմների»: Այս հոդվածում  քննարկվել  է այս պնդումը:

Հնդկաստան և Պակիստան. Թրամփի դերկատարության  հերքումը

Թրամփը 2025 թվականի մայիսին հայտարարեց, որ Միացյալ Նահանգների միջնորդությամբ երկարատև բանակցություններից հետո Հնդկաստանը և Պակիստանը համաձայնության են եկել «անհապաղ և լիակատար զինադադարի» շուրջ: Պակիստանը հաստատել է լուրը և նույնիսկ Թրամփին առաջադրել է Նոբելյան խաղաղության մրցանակի, սակայն Հնդկաստանը հերքել  է Թրամփի դերակատարությունը և պնդել, որ զինադադարի համաձայնագիրը ձեռք է բերվել Պակիստանի հետ ուղղակի բանակցությունների միջոցով:

Ռուանդայի և Կոնգոյի Դեմոկրատական ​​Հանրապետության միջև հաստատված հրադադարը ձախողվել է

Զելենսկիի հետ հանդիպման ժամանակ Թրամփը նաև անդրադարձել է Ռուանդայի և Կոնգոյի միջև հակամարտությանը՝ պնդելով, որ իր վարչակազմը դերակտար է եղել մարտական ​​գործողությունների ժամանակավոր դադարեցման և նախնական խաղաղության համաձայնագրի կնքման գործում: Համաձայնագիրը ստորագրվել է Սպիտակ տանը, ապա հաստատվել է հրադադար, սակայն հրադադարը երկար չի տևել, և մշտական ​​համաձայնագրի շուրջ բանակցությունները ձախողվել են։

Կամբոջա և Թաիլանդ. փխրուն հրադադար

2025 թվականի հուլիսին Կամբոջայի և Թաիլանդի միջև սահմանային բախումների հետևանքով ավելի քան 40 մարդ զոհվել է, իսկ 300,000-ը՝ տեղահանվել: Փխրուն հրադադարը սկսվել է հուլիսի 28-ին, որը հիմնականում  ձեռք է բերվել Մալայզիայի միջնորդության արդյունքում: Հրադադարի մասին հայտարարվելուց առաջ Թրամփը Truth Social-ում գրել էր, որ ԱՄՆ-ն  առևտրային բանակցություններ կսկսի այս երկրների հետ միայն այն դեպքում, եթե հակամարտությունները դադարեն: Համաձայնագրից հետո նա իրեն ներկայացրել է այդ համաձայնության  հեղինակ:

Հայաստան և Ադրբեջան. Դեռ ոչինչ պարզ չէ

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Վաշինգտոնում համաձայնագիր են ստորագրել՝ հաղորդակցության ճանապարհի շուրջ վեճը լուծելու համար: Ճանապարհն այժմ կոչվում է «Թրամփի երթուղի՝ միջազգային խաղաղության և բարգավաճման համար», և ամերիկյան ընկերությանը շնորհվել է դրա զարգացման իրավունքը, սակայն պարզ չէ, թե արդյոք վեճն իրականում լուծվել է, կամ որքան ժամանակ կտևի համաձայնությունը։

Իսրայել և Իրան․ Արդյոք պատերազմ է սպասվո՞ւմ

Թրամփը հունիսի վերջին հայտարարեց, որ Իսրայելն ու Իրանը դադարեցրել են պատերազմը. սակայն պատերազմի արմատական ​​պատճառները դեռևս չեն լուծվել, և պարզ չէ, թե երբ այն կվերսկսվի: Իրանի և Միացյալ Նահանգների միջև դադարեցված անուղղակի բանակցությունների վերսկսման համար դեռ ամսաթիվ չի նշանակվել:

Եգիպտոսի և Եթովպիայի վեճը լիովին լուծված չէ

Թրամփը պնդում է, որ Եգիպտոսի և Եթովպիայի միջև խաղաղություն է  հաստատել: Երկու երկրները պատերազմի մեջ չէին, բայց վիճում էին հիդրոէլեկտրակայանի ամբարտակի շուրջ: Թրամփը հայտարարել է, որ վեճը լուծվել է, և «առայժմ խաղաղություն կա», բայց վեճը դեռևս լիովին չի լուծվել։

Սերբիա և Կոսովո. Վաղեմի լարվածությունը շարունակվում է

Սպիտակ տունը որպես հակամարտության լուծման օրինակ մատնանշել է Սերբիայի և Կոսովոյի միջև Թրամփի առաջին ժամկետի ընթացքում կնքված տնտեսական համաձայնագիրը: Այնուամենայնիվ, երկու երկրները պատերազմի մեջ չեն եղել 1990-ականներից ի վեր, և վաղեմի լարվածությունը տակավին շարունակվում է։

Ուկրաինայի և Ռուսաստանի հետ կապված  իրադարձություններ․ Ռուս-ուկրաինական հակամարտությունը շարունակվում է

Պուտինի, Զելենսկու և եվրոպացի առաջնորդների հետ  Թրամփի դիվանագիտական ​​հանդիպումներից հետո, Ուկրաինայի նախագահը Կիև վերադառնալիս հայտարարեց, որ Միացյալ Նահանգները պարտավորվել է նպաստել պատերազմից հետո անվտանգության երաշխիքներին։Իսկ Պուտինը պահանջել է Դոնբասի շրջանի լիակատար հանձնումը, Ուկրաինայից  արևմտյան ուժերի դուրս գալը և ՆԱՏՕ-ին միանալու ջանքերի դադարեցումը։ Ամեն դեպքում  երկու կողմերի միջև հակամարտությունը շարունակվում է:

Վենեսուելայի հետ լարվածություն. Հարձակում թմրամիջոցների կարտելների դեմ պայքարի պատրվակով

Թրամփի վարչակազմը պատրաստվում է  երեք ռազմածովային ականակիր ուղարկել Վենեսուելայի ափ՝ Լատինական Ամերիկայի  թմրամիջոցների կարտելների դեմ պայքարի պատրվակով: Նավերին կուղեկցեն 4000 զինվորականներ: Նիկոլաս Մադուրոյին ձերբակալելու  համար պարգևատրումը նույնպես ավելացել է մինչև 50 միլիոն դոլար: Մադուրոն ի պատասխան,  հայտարարել է, որ մոբիլիզացրել է 4.5 միլիոն զինվորական՝ հավանական սպառնալիքին դիմակայելու համար։

Եզրակացություն

Տարբեր դեպքերի  քննարկումը ցույց է տալիս, որ Թրամփի խաղաղության միջնորդության մասին բազմաթիվ պնդումներ կամ չափազանցված են, կամ էլ ԱՄՆ-ն աննշան դեր է խաղացել: Որոշ դեպքերում համաձայնություններ իրականում ձեռք են բերվել, բայց դրանց  հարատևությունը կասկածելի է: Այլ դեպքերում Թրամփը փորձել է քաղաքացիական կամ տնտեսական վեճերը ներկայացնել որպես «պատերազմներ», որպեսզի իր դերն ավելի ակնառու դարձնի: Ի վերջո այն ինչ Թրամփի պատմություններից կարելի է ընկալել, դա քաղաքական դրդապատճառների և միջազգային ասպարեզում իր հերոսական կերպարը ցուցադրելու ցանկության համադրությունն է: Այս մոտեցման հաջողությունը կամ ձախողումը գնահատելու համար անհրաժեշտ է միջազգային հարաբերությունների վրա դրա երկարաժամկետ հետևանքների ավելի մանրակրկիտ ուսումնասիրություն: