Middle East Eye. Գազայում երկարատև խաղաղությունը հնարավոր չէ առանց օկուպացիայի դադարեցման
https://parstoday.ir/hy/news/world-i237954-middle_east_eye._Գազայում_երկարատև_խաղաղությունը_հնարավոր_չէ_առանց_օկուպացիայի_դադարեցման
Բրիտանական լրատվամիջոցը գրում է, որ օկուպացիայի դադարեցումը և պաղեստինցիների իրենց հողերը վերադառնալու իրավունքի երաշխավորումն օկուպացված տարածքներում երկարատև խաղաղության հասնելու միակ միջոցն է։
(last modified 2025-10-12T15:58:30+00:00 )
Հոկտեմբեր 11, 2025 10:16 Asia/Tehran
  •  Middle East Eye. Գազայում երկարատև խաղաղությունը հնարավոր չէ առանց օկուպացիայի դադարեցման

Բրիտանական լրատվամիջոցը գրում է, որ օկուպացիայի դադարեցումը և պաղեստինցիների իրենց հողերը վերադառնալու իրավունքի երաշխավորումն օկուպացված տարածքներում երկարատև խաղաղության հասնելու միակ միջոցն է։

Pars Today-ի փոխանցմամբ՝ բրիտանական Middle East Eye կայքը  հրապարակել է Ազզամ Թամիմիի ռեպորտաժը, որտեղ  անդրադառնալով Գազայում հրադադարի հաստատմանը, գրել է. «Կայուն խաղաղությունը հնարավոր չէ առանց օկուպացիայի դադարեցման»։

Հոդվածագիրը նշել է․ «Հինգշաբթի առավոտյան Եգիպտոսից լավ լուր ստացվեց, որ համաձայնություն է ձեռք բերվել Գազայում Իսրայելի կողմից իրականացվող ցեղասպանությունը դադարեցնելու վերաբերյալ: ՀԱՄԱՍ-ի ղեկավարությունը երբեք չէր համաձայնի նման համաձայնագրի, եթե այն իրական օգուտներ չբերեր պաղեստինցի ժողովրդի համար»:

Middle East Eye-ը գրել է. «Չնայած բանակցությունների մանրամասները չեն հայտարարվել, թվում է, թե ՀԱՄԱՍ-ի բանակցային թիմը կենտրոնացել է չորս հիմնական ոլորտների վրա՝ իսրայելական ուժերի դուրսբերումը Գազայից, գերիների փոխանակումը, մարդասիրական օգնության մուտքը և վերակառուցման ժամանակացույցի որոշումը»։

Հոդվածագիրը հավելում է. «Այս համաձայնագրի ամենակարևոր նվաճումն Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի՝ Դիմադրությունը ոչնչացնելու և պաղեստինցիներին Գազայից բռնի կերպով տարհանելու ծրագրի ձախողումն է։ Ծրագիր, որն իրականացվել է «կրոնական սիոնիզմ» անունով հայտնի ծայրահեղական խմբակցության աջակցությամբ, սակայն երկու տարվա ցեղասպանությունը աշխարհին բացահայտել է Իսրայելի իրական դեմքը, և սիոնիզմը ավելի քան երբևէ հայտնի է որպես գերիշխող և գաղութատիրական նախագիծ»։

Middle East Eye-ը գրել է. «Իսրայելի բարձրաստիճան պաշտոնյաները, այդ թվում՝ Նեթանյահուն,   միջազգային դատարաններում հետապնդվում են պատերազմական հանցագործությունների համար. հանցագործություններ, որոնք երբեք չեն մոռացվի կամ չեն ներվի»։

Պարբերականը հավելում է․ «Հրադադարի հասնելը չի նշանակում պաղեստինցիների տառապանքների ավարտ, բայց ազատությունը պաղեստինցի ժողովրդի վերջնական նպատակն է, և երկարատև խաղաղություն չի լինի, քանի դեռ օկուպացիան ամբողջությամբ չի վերացվել։ Ինչպե՞ս կարող ենք խոսել խաղաղության մասին, երբ Գազայի ժողովուրդը փակված է բացօթյա բանտում, իսկ Արևմտյան ափի բնակիչներն ամեն օր դառնում են ավանաբնակների հարձակումների զոհ, որոնք բռնազավթում են նրանց հողերը և այրում ձիթենիները»։

Middle East Eye-ն անդրադարձել է նաև խաղաղությանը՝ ՀԱՄԱՍ-ի տեսանկյունից և գրել. «1967 թվականին օկուպացված տարածքներից Իսրայելի լիակատար դուրսբերումը, բոլոր բնակավայրերի տարհանումը և բոլոր պաղեստինցի բանտարկյալների ազատ արձակումը ՀԱՄԱՍ-ի պայմաններն են՝ երկարատև խաղաղության հասնելու համար, և դրանից ցածր ցանկացած ծրագիր կլինի Թել Ավիվի կողմից խաղաղության նկատմամբ անլուրջ վերաբերմունքի նշան։ Չնայած ՀԱՄԱՍ-ը թուլացել է երկու տարվա պատերազմի ընթացքում, սակայն  չի անհետացել, քանի որ Դիմադրությունը պարզապես խումբ չէ, այլ կենդանի գաղափար, և շատ պաղեստինցիներ, հատկապես Գազայում, ՀԱՄԱՍ-ը համարում են ազատության համար պայքարող շարժում, և վերջին հարցումների համաձայն, չնայած ավերածություններին և մեծ ցավին, այս շարժումը շարունակում է վայելել ժողովրդական ամենաբարձր աջակցությունը»։