Ինչո՞ւ է UNRWA-ն Գազայում հայտնվել քաղաքական ճնշումների թիրախում
-
ՄԱԿ-ի Մերձավոր Արևելքում Պաղեստինի փախստականների օգնության և աշխատանքների գործակալության (UNRWA) ղեկավար՝ Ֆիլիպ Լազարինի
Pars Today- ՄԱԿ-ի Մերձավոր Արևելքում Պաղեստինի փախստականների օգնության և աշխատանքների գործակալության (UNRWA) ղեկավարն ասել է. «Գազայի պատերազմը ցույց է տվել միջազգային իրավունքի բացարձակ անտեսում»:
Ըստ Pars Today-ի, ՄԱԿ-ի Մերձավոր Արևելքում Պաղեստինի փախստականների օգնության և աշխատանքների գործակալության (UNRWA) ղեկավար Ֆիլիպ Լազարինին X սոցիալական ցանցի իր պաշտոնական էջում արած գրառման մեջ հայտարարել է.-«Սիոնիստական ռեժիմի պատերազմը Գազայում ցույց է տվել միջազգային իրավունքի բացարձակ անտեսում»։
Նշելով, որ Միավորված Ազգերի Կազմակերպությունը 80 տարի շարունակ ջանք չի խնայել խաղաղություն հաստատելու, աղքատության և սովի դեմ պայքարելու, մարդու իրավունքները խթանելու և օրենքի գերակայության վրա հիմնված աշխարհը ամրապնդելու համար, Լազարինին ընդգծել է. «Գազայի աղետի դեպքում այս սկզբունքներին վերստին հավատարմությունն ավելի կարևոր է, քան երբևէ։ Գազայում մենք ականատես ենք եղել միջազգային մարդասիրական իրավունքի բացարձակ անտեսմանը, այդ թվում՝ մարդասիրական օգնությանը որպես զենք օգտագործելուն»։
Լազարինիի դիրքորոշումը կարելի է դիտարկել որպես պատասխան Պաղեստինի ժողովրդին օգնություն ցուցաբերելու գործում UNRWA-ի դերակատարությունը թուլացնելու և վերացնելու Իսրայելի և նրա որոշ դաշնակիցների փորձերին։ Փորձեր,որոնք հիմնված լինելով անհիմն պնդումների վրա, ունեն անվտանգությունից վեր նպատակ և, թվում է,որ այն մաս է կազմում Գազայի նկատմամբ լիակատար վերահսկողություն ձեռք բերելու և անկախ միջազգային կառույցները վերացնելու ավելի մեծ ռազմավարության։
UNRWA-ն իր գործունեությունը սկսել է 1949 թվականին՝ որպես Միավորված Ազգերի Կազմակերպության գործադիր մարմին՝ պաղեստինցի փախստականներին աջակցելու համար, և տասնամյակների ընթացքում Գազայում, Արևմտյան ափին, Հորդանանում, Լիբանանում և Սիրիայում ապրող միլիոնավոր պաղեստինցիներին կենսական նշանակության ծառայություններ է մատուցել կրթության, առողջապահության, սննդի, բնակարանային և հրատապ օգնության ոլորտներում: Այս կառույցը ոչ միայն օգնություն ցուցաբերելու կազմակերպություն է, այլև օկուպացիայի, խտրականության ու զրկանքների պայմաններում պաղեստինցի փախստականների իրավունքների պաշտպանության և նրանց մարդկային արժանապատվության պահպանման հանդեպ միջազգային հանրության ունեցած պատրավորության խորհրդանիշ։
Այնուամենայնիվ, Գազայի պատերազմի ընթացքում Իսրայելն իր արևմտյան դաշնակիցների աջակցությամբ, փորձեց քաղաքական և անվտանգության տարբեր պատրվակներով ասպարեզից հեռացնել այս կառույցը և խափանել նրա գործունեությունը։ Արդյունքում՝ Գազայի պատերազմի վերջին ամիսներին ամբողջովին դադարեցվել է UNRWA–ի կողմից օգնության տրամադրումը: Իսրայելի և նրա դաշնակիցների հիմնական պնդումը, որը մի քանի օր առաջ կրկնել է նաև ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն, այն է, որ UNRWA-ն դարձել է «Համասի ենթամիավորումը» և չի կարող որևէ դեր ունենալ Գազայի ապագայում։ Ռուբիոն, որն Իսրայել էր այցելել, իր ելույթի մի հատվածում հայտարարել է, որ UNRWA-ն չի կարող որևէ դեր ունենալ Գազայում, քանի դեռ կապված է Համասի հետ։ Դա այն դեպքում երբ ՄԱԿ-ը բազմիցս մերժել է այդ պնդումները և ընդգծել, որ չկա որևէ հիմնական ապացույց, որը ցույց կտա Համասի ազդեցությունը UNRWA-ի վրա։
Այս համատեքստում թվում է, որ UNRWA-ն ասպարեզից հեռացնելու Իսրայելի փորձը կազմում է ավելի մեծ ռազմավարության մի մասը՝ Գազայի նկատմամբ լիակատար վերահսկողություն ունենալու և ցանկացած անկախ միջազգային կառույց ասպարեզից հեռացնելու համար, ինչը կարող է Պաղեստինի ժողովրդի ձայնը հասցնել աշխարհին։
Այնուամենայնիվ քանի որ Գազայում մարդկային աղետը հասել է ճգնաժամային աստիճանի, թվում է, թե միջազգային հանրությունը պետք է իր ողջ ուժով աջակցի UNRWA-ին, բաց պահի օգնության մուտքի ճանապարհը և թույլ չտա, որ քաղաքական պատրվակները սպառնան հազարավոր անմեղ երեխաների, կանանց և տղամարդկանց կյանքին: Իրականում, UNRWA-ի սահմանափակումը կամ թուլացումը վտանգավոր ուղերձ է հղում աշխարհին,այն որ մարդու իրավունքները և մարդասիրական իրավունքը կարող են խախտվել կեղծ պատրվակներով: Այս պայմաններում, թվում է, թե Պաղեստինի ապագայի մի մասը, հատկապես Գազայում, ուղղակիորեն կապված է UNRWA-ի կարողության և անկախության հետ, և ցանկացած թերացում անդառնալի գին կունենա մարդկության համար: