Պուտինին Էրդողանի նամակի հակառակ կողմը
Պուտինին ուղղված Էրդողանի ափսոսանքի նամակը կարող է դառնալ տարածաշրջանային նոր իրավիճակի նախադրյալ, եթե ռուս-թուրքական որեւէ միջադեպ «չայրի» ափսոսանքի նամակը:
Սիրիայի սահմանին ռուսական օդանավին հասցված հարվածից հետո ռուսական կողմը մի քանի ակնարկ արեց այն մասին, թե այդ հարվածը կարող էր լինել մի «երրորդ կողմի» ձեռքի գործ: Ասել, թե դա ընդհանրապես տրամաբանությունից զուրկ պնդում էր, թերեւս սխալ կլինի: Վերջին հաշվով, խոսքն այն մասին չէ, որ ինչ որ մեկը սեղմեց թուրքական ռազմական օդանավի կոճակը կամ հրաման տվեց Էրդողանի ձայնով:
Բանը «դավադրության տեսությունը» չէ: Բայց, խոսքը Թուրքիային ինչ որ գործողության մղելու հարցում բանեցրած ազդեցության մասին է, որի տեխնոլոգիաներով ժամանակակից աշխարհքաղաքականությունն անկասկած հարուստ է:
Ըստ այդմ, ռուսական այդ տրամաբանության պարագայում առաջանում է հարց՝ իսկ Թուրքիան ու Ռուսաստանն այժմ զե՞րծ են այդօրինակ «կողմնակի» ազդեցությունից: Կամ, եթե Թուրքիան Ռուսաստանի հետ «բախվեց» կողմնակի ազդեցության հետեւանքով, ինչպես տարբեր առիթներով ակնարկել էր Կրեմլը, չի՞ կարող արդյոք Թուրքիան Ռուսաստանի հետ նաեւ հաշտության գնալ «կողմնակի ազդեցությամբ»:
Այն, որ Անկարայի ու Մոսկվայի համար «ռազմավարական եղբայրության» լիարժեք վերականգնումը հանդիսանում է կարեւորագույն խնդիր, կասկածից վեր է: Ռուսաստանն ու Թուրքիան միայն համատեղ կարող են պահել Կովկասում դեռեւս մեկ դար առաջ հայկական արյունով իրենց գծած ռազմա-քաղաքական ստատուս-քվոն:
Մյուս կողմից, իրավիճակը փոխվում է, եւ ի հայտ են գալիս նոր գործոններ: Օրինակ, նոր գործոն է Իրան-Արեւմուտք հարաբերության կարգավորման գործընթացը, որը թեեւ ընթանում է դանդաղ, բայց արդեն իսկ հասցրել է արձանագրել նոր հանգրվան՝ Իրանի վրայից հանվել են միջուկային ծրագրով սահմանված պատժամիջոցները, ինչը Իրանի համար մեծացրել է տարածաշրջանային խաղի ռեսուրսը: Իսկ դա փոխել է ընդհանուր իրավիճակը տարածաշրջանում, հետեւաբար, Ռուսաստանի եւ Թուրքիայի «հաշտությունը» չի վերադարձնելու տարածաշրջանն այն կետին, որտեղ գժտվել էին ռազմավարական դաշնակիցները:
Միեւնույն ժամանակ, կա մեկ այլ կարեւոր հանգամանք՝ Վրաստան-ՆԱՏՕ հարաբերության սերտացումը: Վրաստանում ներկայում գոյություն ունի ՆԱՏՕ արագ արձագանքման վրացական ստորաբաժանում, եւ ՆԱՏՕ-ն այդպիսով փաստացի արդեն իսկ ներկայացված է Վրաստանում: Կես տարի առաջ ՆԱՏՕ-ն ուսումնական կենտրոնի միջոցով արդեն իսկ ինստիտուցիոնալ ներկայացվածություն ունեցավ Վրաստանում, իսկ այժմ արդեն՝ ընդամենը մի քանի ամսում, առկա է ՆԱՏՕ ռազմական ներկայացվածության ինստիտուտ:
Դրան զուգահեռ, տեղի է ունեցել ապրիլի պատերազմն Արցախում, որը եւս սահմանել է տարածաշրջանային նոր նշաձողեր, հատկապես հայկական քաղաքականության համար, Ռուսաստանին դնելով որոշակի փակուղային վիճակում:
Ահա այս պայմաններում, ռուս-թուրքական հաշտեցման «էֆեկտը» կարող է լինել խիստ հարաբերական: Խոշոր հաշվով, Կովկասում ռազմա-քաղաքական ստատուս-քվոն արդեն իսկ ենթարկվել է փոփոխության, եւ Մոսկվան ու Անկարան ըստ ամենայնի ոչ թե հին ստատուս-քվոն պահելու, այլ նորում տեղ ու դեր ունենալու առավելագույն խնդիր ունեն:
Այդ իմաստով, գուցե տարօրինակ հնչի, սակայն ռուս-թուրքական հաշտության հեռանկարը կովկասյան ակնհայտորեն նոր գործոններով հագեցած իրավիճակում այդքան էլ միարժեք չէ, եւ որքան դա պայմանավորված է փոխադարձ օգնության դաշնակցային քաղաքական հաղորդակցության ենթակառուցվածքների լիարժեք վերականգնման մղումով, գուցե ոչ պակաս պայմանավորված լինի նաեւ միմյանց խանգարելու ձգտումով:
Հավանական է, որ նոր իրավիճակում հաշտությունը Անկարայի համար դիտվում է Արեւմուտքի եւ Ռուսաստանի հարաբերության եւ աշխատանքի վերահսկման առավել արդյունավետ տարբերակ:
Բանն այն է, որ ապրիլյան պատերազմից հետո ստեղծվեց իսկապես հետաքրքիր մի իրավիճակ, երբ նկատվեցին Ռուսաստանի եւ Արեւմուտքի միջեւ որոշակի պայմանավորվածության նշաններ, որոնք վկայեցին հավանական դերաբաշխման մասին: Պուտինը հրապարակավ ճանաչեց ԱՄՆ միակ գերտերություն լինելու հանգամանքը, այդ համատեքստում էլ տպավորություն ստեղծվեց, որ Ռուսաստանին հատկացվում է տարածաշրջանային համակարգողի դերը: Դա իհարկե չի նշանակում, որ Մոսկվան դրա դիմաց լիովին հրաժարվում է տարածաշրջանային իր առանցքային ռազմավարությունից, բայց դա արդեն՝ ըստ հնարավորության եւ կարողությունների:
Թուրքիայի համար ստեղծվում է խաղից լիովին դուրս մնալու իրավիճակ, եթե Ռուսաստանը տարածաշրջանի հարցում գնա ԱՄՆ հետ սկզբունքային փաթեթային պայմանավորվածության: Ահա այդ լույսի ներքո, բավական հետաքրքիր է, որ «կրտսեր եղբայրը» փաստորեն հայտարարում է այդ պայմանավորվածության անընդունելության մասին՝ իսկ հրադադարի պահպանման մեխանիզմը հենց դա է, իսկ «ավագն» էլ հաշտության նամակ է հղում Պուտինին, այդպիսով փորձելով առկախել հնարավոր փաթեթային պայմանավորվածությունը, որտեղ Թուրքիան մնալու էր փաթեթից լիովին դուրս:
Ռուսաստանն իհարկե կանգնում է բավական դժվար ընտրության առաջ: Արդյոք Թուրքիայի հետ հաշտությունն ունի «նախկին արժեքը», որի համար արժե վտանգել ԱՄՆ հետ փաթեթային պայմանավորվածության հեռանկարը: Մյուս կողմից, Մոսկվային իհարկե բավական բարդ կլինի հրաժարվել հաշտության առաջարկից, քանի որ Անկարան փաստացի անում է ամենը, ինչ պահանջում էր Կրեմլը մի քանի ամիս առաջ:
Այդպիսով, անցնող ամիսների ընթացքում Կովկասում ի հայտ եկած բավական հիմնարար նոր իրողությունների պարագայում ռուս-թուրքական հաշտության հեռանկարի առումով փոխադարձ վերահսկման եւ այդպիսով զսպման էֆեկտը փոխօգնության էֆեկտից պակաս հավանական չի թվում:
lragir.am
28/6/2016