Իրանը և Չինաստանը նախատեսում են նշել դիվանագիտական հարաբերությունների 55-ամյակը
-
Իրանը և Չինաստանը նախատեսում են նշել դիվանագիտական հարաբերությունների 55-ամյակը
Պեկինում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանի և Չինաստանի փոխարտգործնախարարի հանդիպման ժամանակ երկու կողմերը քննարկել են երկկողմ հարաբերությունների ամրապնդման և Թեհրանի ու Պեկինի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 55-ամյակը նշելու ծրագրերի նախապատրաստման հարցերը։
Ըստ «IranPress»-ի՝ Չինաստանում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպան Աբդոլռեզա Ռահմանի Ֆազլին Չինաստանի փոխարտգործնախարար Մյաո Դեյուի (Miao Deyu) հետ հանդիպման ժամանակ քննարկել է տարածաշրջանում և աշխարհում վերջին զարգացումները և Թեհրանի ու Պեկինի միջև հարաբերությունները համարել է շատ կարևոր և ռազմավարական՝ ստեղծված իրավիճակում։
Նշելով, որ հաջորդ տարի կլրանա Իրանի և Չինաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 55-ամյակը, Ռահմանի Ֆազլին հայտնել է այս առիթը նշելու համար երկու երկրներում հատուկ պլանավորման մասին և ընդգծել, որ այս միջոցառումը արժեքավոր հնարավորություն է համագործակցությունը խթանելու և երկկողմ հարաբերությունները համակողմանիորեն զարգացնելու համար։
Չինաստանում Իրանի նախագահի հատուկ և լիազոր ներկայացուցիչը հավելեց. «Իրան-Չինաստան հարաբերությունների ռազմավարությունը օրեցօր ավելի ու ավելի է խորանում, և Իրանի Իսլամական Հանրապետությունը պատրաստ է ընդլայնել իր համագործակցությունը տարբեր ոլորտներում՝ երկու երկրների ղեկավարների կոնսենսուսի շրջանակներում»։
Այս հանդիպմանը Չինաստանի փոխարտգործնախարարն էլ անդրադարձավ երկու երկրների նախագահների վերջին հանդիպումներին և ասաց. «Իրանի և Չինաստանի ղեկավարները վերջին մեկ տարվա ընթացքում երկու անգամ հանդիպել են՝ հարաբերությունները խորացնելու և ռազմավարական ուղեցույցներ մշակելու նպատակով, և հիմա ժամանակն է իրականացնել այդ պայմանավորվածությունները»։
Մյաոն նաև ուրախություն հայտնեց երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների 55-ամյակի կապակցությամբ և նշեց. «Պեկինը պատրաստ է քայլեր ձեռնարկել Թեհրանի հետ երկկողմ և բազմակողմ համագործակցությունն ամրապնդելու և Չինաստան-Իրան համապարփակ ռազմավարական գործընկերության մակարդակը բարձրացնելու համար»։