ԱՄՆ. ցուցադրական ուժից մինչև ներքին փխրունություն
Modern Diplomacy կայքը հրապարակել է հոդված, որում նշվում է, որ Սպիտակ տան հզորության ցուցադրությունների կուլիսներում, առավել քան երբևէ, ակնհայտ են կառուցվածքային թերությունները:
Կայքը գրել է, որ ԱՄՆ-ի հզորության ներկայացման և Վաշինգտոնի կառավարելու իրական կարողության միջև առաջացել է ընդլայնվող անջրպետ, որը սրվել է ներքին անվստահության, բյուջեի պակասի և ինստիտուցիոնալ քաոսի պատճառով:
Հոդվածագիրը նշել է, որ դաշնային կառավարության աննախադեպ փակումը համարվում է կառավարման կարողությունների քայքայման նշան. մի իրադարձություն, որը չի թաքցրել կառուցվածքային ճաքերը նույնիսկ կառավարության վերաբացումից հետո:
Կայքը նշում է, որ հակառակ «ԱՄՆ-ն կրկին մեծ դարձնենք» կարգախոսի, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հույսը դրել է այնպիսի կառույցների վրա, որոնք ներկայումս տառապում են ինստիտուցիոնալ թուլությունից և վստահության ճգնաժամից։
Արդյունքում, Վաշինգտոնն իր արտաքին քաղաքականության մեջ ավելի շատ հույսը դնում է մարտավարական ճգնաժամերի ստեղծման, քան երկարաժամկետ ռազմավարության վրա. Թրամփի երկարատև ուղևորությունը Հարավարևելյան Ասիա, առևտրային համաձայնագրերը և Չինաստանի հետ մեկ տարվա հրադադարը որակվել են որպես «արհեստական շնչառություն», այլ ոչ թե իրական վերածննդի նշաններ։
Չինաստանը և ամերիկյան մեղմ ուժի քայքայումը
Հոդվածում նշվում է, որ Չինաստանը շարունակում է ամրապնդել իր դիրքերն այնպիսի ոլորտներում, ինչպես դեղագործությունը, կիսահաղորդիչները և լիթիումային մարտկոցները, և մեկ տարվա հրադադարը չի փոխի մրցակցության վիճակը։ Կայքն անդրադարձել է Վենեսուելայի, Կոլումբիայի և Նիգերիայի դեմ Թրամփի վերջին սպառնալիքներին, նշելով, որ դա «ցուցադրական դոկտրին է», որն ուղեկցվում է ռազմական ժեստերով, բայց ցույց է տալիս Վաշինգտոնի խորը թուլությունը։
Անդրադառնալով Սիրիայի նախագահ Մոհամմեդ ալ-Ջոլանիի և Սաուդյան Արաբիայի թագաժառանգ Մոհամմեդ բին Սալմանի Վաշինգտոն կատարած այցերին, կայքը գրել է, որ Սպիտակ տունն անկարող է առաջ մղել լուրջ նախաձեռնություններ՝ ինստիտուցիոնալ խառնաշփոթի և ֆինանսական սահմանափակումների պատճառով։
Հոդվածագիրը եզրակացրել է, որ «ԱՄՆ-ն կրկին մեծ դարձնենք» կարգախոսի և երկրի իրականության միջև հակասությունն ավելի ակնհայտ է դարձել, քան երբևէ, և Վաշինգտոնի կառավարման ճգնաժամը վերածվել է աշխարհաքաղաքական ճգնաժամի։