The New York Times. Թրամփը ծեր է և հոգնած
79-ամյա ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը փորձում է ներկայանալ որպես ակտիվ կերպար, սակայն ֆիզիկական հյուծվածությունը և աշխատանքում արդյունավետության նվազումը առավել քան երբևէ ակնհայտ են։
Pars Today-ի փոխանցմամբ՝ The New York Times-ը հրապարակել է հոդված, որում անդրադարձել է Դոնալդ Թրամփի վիճակի մասին հանրության պատկերացումների և նրա երկրորդ ժամկետի ընթացքում ծերության հետևանքով առաջացած իրականության միջև աճող տարբերությանը։
Թերթը գրել է․ «79-ամյա Թրամփն այս պահին ԱՄՆ պատմության մեջ նախագահ դարձած ամենատարեց մարդն է, և լրատվամիջոցներում նրա ակտիվության և ֆիզիկական ուժասպառության նշանների միջև հակադրությունը նկատելի է առավել քան երբևէ»։
Հոդվածագիրը նշում է, որ չնայած սոցցանցերում ակտիվությանը, լրագրողների հետ կոշտ վիճաբանություններին և ֆիզիկական ուժը ցուցադրելուն ուղղված շոուների միջոցով ակտիվ կերպար ստեղծելու փորձերին, Թրամփը ներկայումս ավելի քիչ է հայտնվում հանրության առջև, քան նախկինում։
Վերլուծելով Թրամփի պաշտոնական ժամանակացույցը, հոդվածագիրը նշում է, որ պաշտոնական միջոցառումների թիվը, որոնց նա մասնակցել է այս տարի, 2017 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է մոտ 39 տոկոսով, ընդ որում՝ նրա հրապարակային ելույթների մեծ մասը տեղի են ունեցել կեսօրից մինչև երեկոյան 5-ը ընկած ժամանակահատվածում։ Հոդվածում ասվում է, որ հոգնածության նշանները երբեմն հստակ տեսանելի են։
Նոյեմբերի 6-ին Սպիտակ տանը կայացած միջոցառման ժամանակ Թրամփը կարճ ժամանակով փակեց աչքերը, երբ խոսում էր պաշտոնյաների հետ և տպավորություն ստեղծվեց, որ նա քնել է։ Թրամփի ֆիզիկական թուլության այլ նշաններից են կախված կոպերը և ուշադրության բացակայությունը երկար միջոցառումների ժամանակ։
The New York Times-ը անդրադարձել է նաև իր առողջական վիճակի վերաբերյալ հարցերին Թրամփի արձագանքներին։ Մասնավորապես՝ Ասիա կատարած իր վերջին այցի ժամանակ նա ասել է, որ ՄՌՏ հետազոտություն է անցել Ուոլթեր Ռիդի բժշկական կենտրոնում, սակայն մանրամասներ չի ներկայացրել: Հատկանշական է, որ բժշկի կողմից հրապարակված զեկույցում այդ մասին չի նշվել: Հոդվածում նաև նշվել է, որ Թրամփը դիմահարդարում է օգտագործում իր աջ ձեռքի կապտուկը ծածկելու համար, որի վրա կա նաև այտուց։ Դա նույնպես հարցեր է առաջացրել նրա առողջության վերաբերյալ:
Հեղինակը գրում է, որ Թրամփի շրջապատը փորձում է կառավարել ճնշումը՝ նրան համեմատելով ԱՄՆ նախկին նախագահ Ջո Բայդենի հետ և ընդգծելով Թրամփի վարչակազմի «թափանցիկությունը»։ Աշխատանքային գրաֆիկի առումով, ըստ ամերիկյան լրատվամիջոցների՝ Թրամփն իր պաշտոնական միջոցառումները սկսում է ավելի ուշ, քան իր առաջին ժամկետում։ 2017 թվականին նրա ծրագրերը սկսվում էին միջինը ժամը 10:30-ին, բայց այս շրջանում նրա ծրագրերը սկսվել են կեսօրին։ Ներքին ուղևորությունների թիվը նույնպես նվազել է, բայց արտասահմանյան ուղևորություններն ավելացել են։ Այս տարի նա կատարել է ութ միջազգային ուղևորություն։ 2017 թ․ դրանց թիվը եղել է չորսը։
Թերթը հավելում է, որ Թրամփի գործունեության մեծ մասը թաքցված է հանրությունից:
The New York Times-ը գրում է, որ Թրամփի ելույթները դարձել են ավելի ցրված և պարունակում են կեղծ պատմություններ։
Հոդվածում նշվում է, որ չկան հատուկ կանոններ այն մասին, թե որքան տեղեկատվություն պետք է նախագահները հրապարակեն իրենց առողջության մասին, և որ տեղեկատվության մեծ մասը հրապարակվում է ամփոփագրերի տեսքով, որոնք չեն պարունակում մանրամասներ: Հոդվածագիրը նշում է, որ այս պրակտիկան նկարագրում է որպես ԱՄՆ նախագահների առողջության վերաբերյալ գաղտնիության երկարատև մոդելի շարունակություն: Հոդվածը նաև պատմական համեմատություն է անում: Ի տարբերություն Թրամփի, երիտասարդ նախագահները, ինչպիսիք են Ջորջ Բուշը և Բարաք Օբաման, կանոնավոր մարզվել են և իրենց օրերը սկսել են ավելի վաղ։ Դա փաստում է Սպիտակ տան նախկին բժիշկ Ջեֆրի Քոլեմանը: Նա ասում է, որ Թրամփը չի մարզվում իր այն համոզմունքի պատճառով, որ «մարդկային էներգիան սահմանափակ է»:
Քաղաքականության մասով, հոդվածագիրը ենթադրում է, որ Թրամփի ժողովրդականության և տնտեսական դժգոհության անկմանը զուգահեռ, մերձավորները նրան կոչ են անում ավելի շատ կենտրոնանալ ներքին հարցերի վրա: Այնուամենայնիվ, նա շարունակում է մտածել արտասահմանյան ճանապարհորդությունների մասին, այդ թվում՝ Դավոս հնարավոր ձմեռային ուղևորության մասին:
Հոդվածի վերջում անդրադարձ է կատարվում Թրամփի կողմից հանդերձյալ կյանքին ավելի հաճախակի հղումներին, ինչը հեղինակը համարում է 80-ամյակին մոտենալուն ընդառաջ նրա անձնական մտորումների աճի նշան։